Աենամսյա խորհրդակցություն՝ ՀԿԱԾ-ում․ 1 ամսում 5 մլրդ. 786 մլն. դրամի բռնագանձում է արվել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

ԴԱՀԿ

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնակատար, արդարադատության գնդապետ Դավիթ Բեգինյանը դեկտեմբերի 9-ին ամենամսյա աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավար կազմի, կառուցվածաքային ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ:

Ըստ օրակարգի՝ ներկայացվել են նոյեմբեր ամսվա ընթացքում կատարված աշխատանքների, տրված հանձնարարականների, ինչպես նաև բաժինների կողմից գումարների բռնագանձումների, կատարողական վարույթների կարճումների ու ավարտների վերաբերյալ զեկույցները: 

Նշվել է, որ հաշվետու ժամանակահատվածում ծառայության կողմից բռնագանձումների ընդհանուր ծավալը  կազմել է շուրջ 5 մլրդ. 786 մլն. ՀՀ դրամ, իսկ հայցի ապահովման բնույթի կատարողական վարույթներով վերականգնվել է ավելի քան 198 մլն. ՀՀ դրամ:  Հարուցվել և վերսկսվել է 187477 կատարողական վարույթ, կարճվել և ավարտվել է 160839 կատարողական վարույթ:

Զեկուցվել է, որ նոյեմբեր ամսվա ոչ աշխատանքային օրերին կազմակերպված  հերթապահությունների ընթացքում 1509 կատարողական վարույթի շրջանակում  վերացվել են տրանսպորտային միջոցների նկատմամբ կիրառված արգելանքները Ճանապարհային ոստիկանությունում  համապատասխան ձևակերպումներ կատարելու նպատակով:

Խորհրդակցության ընթացքում Ծառայության ղեկավարին է ներկայացվել նաև նախորդ ամսվա ընթացքում  հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացված լոտերի, ստացված գրությունների, դիմումների, թեժ գծին ուղղված զանգերի ու արագ սպասարկման գրասենյակ այցելած քաղաքացիների թվի վերաբերյալ վիճակագրությունը: Մասնավորապես՝ Ծառայության արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել  7677 քաղաքացի:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ Դավիթ Բեգինյանը  կոնկրետ հանձնարարականներ է տվել արագ սպասարկման գրասենյակում քաղաքացիներին մատուցվող ծառայությունների արդյունավետությունը բարձրացնելու և տարեվերջյան հնարավոր հերթերը բացառելու ուղղությամբ։