Բանալիով բացել էր շինհրապարակի պահեստասենյակի դուռը, հափշտակել էլեկտրական գործիքներ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու  ապօրինի շինություն մուտք գործած  և գողություն կատարած անձի ինքնությունը։

Նախնական տվյալներով՝ 2019 թ. հոկտեմբերի 2-ին, ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում Երևանի բնակիչը հաղորդում է տվել այն մասին, որ 29.09.2019 թ․-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, անհայտ անձն ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ, բանալիով բացել է Բուզանդ փողոցում գտնվող շինհրապարակի պահեստասենյակի դուռը և այնտեղից գաղտնի հափշտակել էլեկտրական գործիքներ`պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:

Դեպքի փաստով ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ  Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

Նախաքննության ընթացքում ստացվել են վերոնշյալ հասցեում առկա տեսանկարահանող սարքի տեսագրությունները, ենթարկվել զննության, որտեղ երևում է առերևույթ հանցագործություն կատարած անձը:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ առերևույթ հանցանքը կատարած անձին  հայտնաբերելու ուղղությամբ:

Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս