Բակո Սահակյանն ուղերձ է հղել ԼՂՀ անկախության հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

ուղերձ

Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 10-ին շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ: Ուղերձը՝ ստորև․

«Սիրելի՛ արցախցիներ, Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ պետական կարևորագույն տոնի՝ ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի եւ Սահմանադրության օրվա առթիվ:

Թե՛ 1991 թվականին, թե՛ 2006 թվականին այս օրը մեր ժողովուրդը կատարեց պատմական ընտրություն՝ իր ձայնը տալով՝ հանուն ազատ ու անկախ Արցախի, հանուն ժողովրդավարական, իրավական ու սոցիալական պետություն կառուցելու անսասան որոշման:

Մեր պետականաշինության ճանապարհին կարևոր քայլ էր երկրի հիմնական օրենքի՝ Սահմանադրության ընդունումը, որի հիմքում մարդն է, նրա իրավունքների, ազատությունների ու շահերի պաշտպանությունը: Սրանք համամարդկային արժեքներ են, որոնք կարեւոր են քաղաքացիական հասարակության ու ժողովրդավարական ինստիտուտների կայացման համար:

Եվ արդեն 28 տարի է՝ մենք ընթանում ենք այս ճանապարհով՝ օր օրի զարգացնելով ու զորացնելով մեր երկիրը, ամրապնդելով պետականության հիմքերն ու ժողովրդի անվտանգությունը, բարելավելով մարդկանց կենսապայմանները: Սա բարդ ու անհարթ ճանապարհ է, որը մեր ժողովուրդն անցնում է պատվով ու արժանապատվությամբ՝ անձնվիրաբար հաղթահարելով բոլոր դժվարություններն ու փորձությունները:

Թանկագի՛ն հայրենակիցներ, մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս այս նշանակալի տոնի կապակցությամբ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն, մեծագույն հաջողություններ՝ ի փառս Արցախի Հանրապետության ու մեր ժողովրդի»: