Պատգամավորի ընկերոջը խփած, «հաջորդը դու ես» սպառնացած գյումրեցի «Շեկոն» բերման է ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը ֆեյսբուքյան էջում հրապարակում էր արել, ըստ որի՝ Գյումրիում երկու հոգի խփել են իր ընկերոջը և սպառնացել, որ հաջորդը ինքն է լինելու։ Կատարվածի վերաբերյալ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում հաղորդում է ստացվել։

Բաժնի ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են միջադեպի մասնակից անձանց ինքնությունը։ «Շեկո» մականվամբ 30-ամյա տղամարդը, որը Գյումրու բնակիչ է, հայտնաբերվել և ժամը 22-ի սահմաններում բերման է ենթարկվել ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժին։

Միջոցառումները շարունակվում են միջադեպի մյուս մասնակցին հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով քրեական գործ է հարուցվել խուլիգանության հատկանիշներով, բերման ենթարկված անձը ձերբակալվել է։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։