Խաչիկը Ա․-ն մեկնել է ԱՄՆ ու պարզել, որ Երևանում կորցրել է դրամապանակը, ներսում՝ 2500 դոլար

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

ամն

Դեկտեմբերի 9-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները մի ամբողջ օր հսկայածավալ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ կատարելու արդյունքում հայտնաբերել են դեկտեմբերի 8-ին Արմավիրի մարզում Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացու կորած դրամապանակը: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Այդ օրը՝ ժամը 10:50-ի սահմանում, ԱՄՆ քաղաքացի, 63-ամյա Խաչիկ Ա.-ն առավոտյան օդանավակայանի ճանապարհին՝ Փարաքար գյուղի վարչական տարածքում, ճամպրուկների փաթեթավորման կետում կորցրել էր իր դրամապանակը: Այդ մասին ոստիկանության Վաղարշապատի բաժին էր ահազանգել նրա ընկերը՝ Սերյոժա Միրզոյանը: Վերջինս հայտնել էր, որ Խաչիկ Ա.-ն մեկնել է Միացյալ Նահանգներ ու այնտեղ է իմացել, որ դրամապանակը կորցրել է:

Նույն օրը ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Հովհաննես Մարտիրոսյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ, ձեռնարկել են անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ, որի արդյունքում ստացել են տեղեկություններ, որ հնարավոր է ՝ դրամապանակը գտած լինի Արմավիրի մարզի Մերձավան գյուղի բնակիչ Գեդեոն Ներսիսյանը: Բացատրական աշխատանքների արդյունքում Գ. Ներսիսյանը իր կողմից գտնված դրամապանակը ներկայացրել է ոստիկաններին, որի մեջ եղել է 2 500 ԱՄՆ դոլար: Ոստիկանները բաժին են հրավիրել Խաչիկ Ա.-ի ընկերոջը՝ Սերյոժա Մ.-ին ու նրան են փոխանցել դրամապանակն ու գումարը: