ՀԴՄ կտրոնների աստղաբաշխական թիվ ենք արձանագրել, թեև հսկայական ստվերային շրջանառություն կա

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

«Որևէ պարագայում ՀԴՄ չխփելու հանգամանքը 2020 թվականին հունվարի մեկից վերանում է»,-այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Նոր տարվա զանգերը խփելուց հետո ՀՀ-ում չի լինելու ՀԴՄ չխփելու որևէ պարագա, որը բարոյական, սոցիալական կամ որևէ այլ առումով ներման ենթակա կլինի։ Կառավարության նպատակը մարդկանց հարկային պարտավորությունների տակ մտցնելը չէ»,- նշել է Փաշինյանը։

Վարչապետի պնդմամբ՝ 2020 թվականի բյուջեի նախագծով հարկային եկամուտներն ավելացել են 356 միլիարդ դրամով, ինչն ամբողջ պոտենցիալը չէ։ Ստվերային տնտեսությունը կրճատելու, բյուջեի եկամուտները ավելացնելու համար պետք է խիստ պայմանավորվածություններ լինեն։ 

Ըստ Փաշինյանի՝ փոքր օբյեկտներում ՀԴՄ չտրամադրելու արդյունքն իրական ստվերի է գոյացումն է, նաև խոշոր ձեռնարկություններում, որոնք հաշվարկային փաստաթղթերը չգրելը պայմանավորում են փոքրերի փաստաթղթերով չաշխատելու խնդրով։  

«ՀԴՄ չխփող գործարարը գողանում է զինվորի հացը, այս տարի տեսաք՝ մենք մեր բանակում հսկայական փոփոխություններ ենք արել, մի մասի մասին դուք գիտեք մյուս մասի մասին չգիտեք։ Փոքր ձեռնարկատերերը թող իմանան՝ ՀԴՄ կտրոն չխփելու համար լինելու է լուրջ վարչական պատասխանատվություն, դա լինելու է զինվորի հացը, զինվորի փամփուշտը, զինվորի արժանապատիվ հագուստը գողանալու համար»,- հավելել է գործադիրի ղեկավարը։

 Փաշինյանը ՀԴՄ-ներով աշխատելու ուղերձը համարել է հայ ժողովրդի համախմբվածության ու միասնականության դրսևորման հնարավորություն։