Ռաֆայել Հարությունյանը մեծ աջակցություն է ցուցաբերել ՀԱԷԿ-ի վերագործարկմանը

ԵՐԵՎԱՆԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

.

Վախճանվել Է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանի և ՀՀ արտակարգ իրավիճակների նախկին նախարար, գեներալ-մայոր Վյաչեսլավ Հարությունյանի  եղբայրը՝ Ռուսաստանի եւ աշխարհի առաջատար գիտնական, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ատոմային Էներգետիկայի անվտանգ զարգացման խնդիրների ինստիտուտի տնօրենի գիտական գծով տեղակալ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռաֆայել Վարնազի Հարությունյանը:

Ռաֆայել Հարությունյանը 1971 թվականին ընդունվում  է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը: Ապա՝ 1973 թվականին բարձր առաջադիմության և հեռանկարայնության համար, նրան ուղարկում են ուսումը շարունակելու Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետհամալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ: Համալսարանն ավարտելուց անմիջապես հետո սկսում է աշխատանքը թեկնածուական թեզի վրա, որը հաջողությամբ պաշտպանում է 1982 թվականին: 1985 թվականին իր գիտական աշխատության համար արժանանում է Լենինյան կոմերիտմիության մրցանակի՝ գիտության ու տեխնիկայի բնագավառում: 1997 թվականին նա պաշտպանում է դոկտորական ատենախոսությունը: 2006 թվականից ուներ պրոֆեսորի գիտական կոչում:  2014 թվականին գիտության ու տեխնիկայի բնագավառում Ռուսաստանի Դաշնության կառավարության մրցանակի է արժանանում` Ռուսաստանի բնակչության եւ տարածքների ռադիացիոն անվտանգության ապահովման մեթոդների ու տեխնոլոգիաների մշակման ու ներդրման համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռաֆայել Հարությունյանը ամենաակտիվ մասնակցություն է ունեցել 1986  թվականի ապրիլի 26-ին  Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի չորրորդ էներգաբլոկի վթարի պատճառների ուսումնասիրման, հետևանքների վերացման հարցում, ինչի համար պարգևատրվել է պետական պարգևներով։

Գործուն աջակցություն է ունեցել Հայաստանի ատոմային էլեկտրակայանի վերագործարկման գործում:

Ռաֆայել Հարությունյանը աշխարհում  առաջատար մասնագետներից Էր ատոմակայաններում, այդ թվում՝ Չեռնոբիլի ԱԷԿ-ում ծանր վթարների ուսումնասիրման բնագավառում:

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ատոմային Էներգետիկայի անվտանգ զարգացման խնդիրների ինստիտուտի (ՌԳԱ-ի ԱԷԱԶԽԻ) գիտական գծով փոխտնօրենն էր: Զբաղվում Էր ռադիացիոն վթարների ռադիոլոգիական հետեւանքների կանխատեսման կոմպյուտերային համակարգերի ստեղծմամբ եւ բնակչության պաշտպանության, ռադիացիոն եւ բնապահպանական ռիսկերի վերաբերյալ հանձնարարականների մշակմամբ, մասնակցում Էր միջուկային եւ ռադիացիոն անվտանգության բնագավառի խոշորագույն միջազգային նախագծերին, գիտատեխնիկական տարբեր խորհուրդների անդամ Էր, «Ռոսատոմ»-ի հանրային խորհրդի եւ Ռուսաստանի կառավարությանն առընթեր Փորձագիտական խորհրդի անդամ:

Հեղինակել է 170-ից ավելի գիտական աշխատություններ: 1997 թվականին պարգևատրվել է Արիության մեդալով, 2016-ին ՌԴ նախագահի հրամանագրով արժանացել է Պատվո շքանշանի, բազմաթիվ այլ պարգևների և մրցանակների: 

Անդառնալի է Ռաֆայել Հարությունյանի նման գիտնականի, քաղաքացու կորուստը: Նրա հիշատակը վառ կմնա հարազատների, գործընկերների, գիտական ողջ հանրույթի, բազմաթիվ ուսանողների սրտերում: