Պատերազմը թանկ հաճույք է, պահանջում է ֆինանսական ռեսուրսներ, պետք է ունենալ տնտեսական աճ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

«Հայաստանի և Արցախի շփման միջև տարաձայնություններ կարող են լինել միայն Ղարաբաղի թեմայի շուրջ, այլ հարցերում իրավունք չունենք տարբեր դիրքորոշումներ ունենալ։ Ղարաբաղյան հիմնախնդրում ցանկացած իշխանություն, եթե շեղվի մեր հիմնական կուրսից, դատապարտված է լինելու։ Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը նախապայման է, եթե այս հարցը չկա, չի քննարկվում ոչ մի տարբերակ, բանակցության ցանկացած տարբերակ պետք է բավարարի Արցախի և Հայաստանի ժողովրդին», - լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը։  

Անդրադառնալով տնտեսական թեմային վերաբերող հարցերին՝ Արայիկ Հարությունյանը նշեց․ 
«Տնտեսությամբ է պայմանավորված մեր անվտանգությունը։ Եթե առաջիկա հինգ տարիներին չունենանք տնտեսական աճի բարձր տեմպեր, ունենալու ենք խնդիրներ ոչ միայն Արցախի հարցում, այլ նաև Հայաստանի ապագայի հետ կապված։ Պատերազմը հնարավոր է բացառել, եթե տարեկան ունենանք ոչ պակաս, քան 8 տոկոս տնտեսական աճ։  Պատերազմն այսօր թանկ հաճույք է, այն պահանջում է շատ մեծ ֆինանսական ռեսուրսներ, իսկ այս ամենն ունենալու համար, պետք է ունենանք տնտեսական աճ», - Նշեց Հարությունյանը։

Արցախի նախագահի թեկնածուն ընգծեց, որ Արցախի խնդրի և Հայաստանի ապագայի միակ երաշխիքը ՀՀ-ի տնտեսական աճն է։ Ըստ Հարությունյանի՝ այսօր կան նախադրյալներ առաջիկա 10-12 տարին տնտեսական աճի տեմպերն ապահովելու համար։ 

«Արցախն աշխարհի եզակի տնտեսություններից է, որը կարողացել է 10 տոկոսից ավելի աճ արձանագրել, դա երևում է Արցախի պետբյուջեից և սոցիալական ծրագրերին ուղղված միջոցներից, և, եթե ՀՀ-ն նույնպես այդ աճն ապահովի, իմացեք, որ մեր ապագան երաշխավորված է», - նշեց Արայիկ Հարությունյանը։