ՍԴ նախագահը, խեղաթյուրելով սահմանադրության տրամաբանությունը, եկավ պաշտոնի․ սահմանադրագետ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

սահմնադրական

Սահմանադրագետ Վարդան Այվազյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով ՍԴ դատավորների՝ վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման մասին, կարծիք է հայտնել, որ օրենսդիրների նպատակը հստակ է՝ ազատվել անցանկալի դատավորներից և նրանց փոխարինել նորերով։ 

«ՍԴ նախագահը, խեղաթյուրելով սահմանադրության և իրավունքի տրամաբանությունը, եկավ այս պաշտոնին։ Էլ չեմ ասում, որ սահմանադրական փոփոխությունները նպատակ ունեին ոչ թե զարգացնել պետական կառույցը, այլ նախագահին վարչապետի փոխարինելով շարունակել նրա իշխանությունը։ Այս արատավոր ավանդույթների վախճանը եղավ հեղափոխությունը։ Բայց գործող իշխանությունները շարունակում են այդ արատավոր ավանդույթները։ Եթե նախորդ իշխանությունները, խեղաթյուրելով  սահմանադրության և իրավունքի տրամաբանությունը, ապա նույն ուղղությամբ ընթանում են նոր իշխանությունները»,-ասել է սահմանադրագետը, ապա հավելել, որ օրենքն ընդհանրապես չի կարող ընդունվել անձանց նեղ շրջանակի համար։

«Այդ օրենքի տրամաբանությունից բխում է անձանց նեղ շրջանակին արտոնություններ տրամադրելը կամ աշխատանքից հեռացնելը: Սա կարող է վատ նախադեպ լինել, որ երկրում իրավունքը կորցնի իր էությունը։ Ցանկացած բան կարելի է ընդունել օրենքով, բայց  օրենքի հիմքում պետք է բացառապես ընկած լինի իրավունքի էությունը և տրամաբանությունը, մինչդեռ այս օրինագիծը նախադեպ է իշխանությունների ամենաթողության համար՝ ինչ օրենք ցանկանան, կընդունեն: Արդյունքում ունենում ենք արատավոր շրջափուլ, և մեր պետությունը, կարծես թե, վերածվում է կրկեսի»,-ասել է Վարդան Այվազյանը, ապա նշել, որ ամենավտանգավորն այն է, երբ պետական կառույցը և իրավական համակարգը անէանում և կորցնում են իրենց իմաստն ու բովանդակությունը:

«Ցանկացած բնույթի գործող իրավունքի դրույթների խախտումը իր հանրային վտանգավորության առումով ավելի մեղմ է, քան այն դեպքում, երբ խեղաթյուրվում է օրենքի և իրավունքի էությունը: Այս տեսանկյունից ես կարծում եմ, որ անթույլատրելի էր, որ ԱԺ-ն նման հիմնավորումներով ընդունի օրենք»,-ասել է Այվազյանը և տեղեկացրել, որ դեմ չէ ՍԴ-ի կազմի փոխոխությանը, բայց համոզված է, որ դա պետք է տեղի ունենա գրագետ փոփոխությունների միջոցով։