ՍԴ-ի շուրջ ստեղծված ճգնաժամն օրինագծով չի լուծվելու․ Նորայր Նորիկյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Իրավական

ՀՀ Ազգային ժողովում 82 կողմ և 34 դեմ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենքի նախագիծը:

ՀՀ կառավարության հեղինակած «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթով նախատեսվում է, որ, եթե Սահմանադրական դատարանի դատավորները, այդ թվում՝ նախագահ Հրայր Թովմասյանը, մինչև 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական տան, ապա մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կստանան իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ:

24News-ն օրենքի նախագծի վերաբերյալ զրուցել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի և փաստաբան Նորայր Նորիկյանի հետ։ 

«Դեմ եմ այս օրինագծին, կարծում եմ, որ ՍԴ-ի շուրջ ստեղծված ճգնաժամը դրանով չի լուծվում, անաշխատ եկամուտ չպետք է տրամադրվի մարդկանց, այդ թվում՝ ՍԴ անդամներին։  ՀՀ հարկատուների հաշվին որոշ մարդիկ չպետք է ունենան արտոնյալ պայմաններ», - այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց փաստաբան Նորայր Նորիկյանը։ 

«Բնականաբար կգտնվեն ՍԴ անդամներ, որոնք կօգտվեն այս օրենքով իրենց տրված հնարավորությունից և վայր կդնեն իրենց լիազորությունները, բայց ես վերապահումով եմ մոտենում այս հարցին։ Եթե ՍԴ անդամները չօգտվեն այս հնարավորությունից, չի՞ ստացվի, որ մենք ավելորդ ժամանակ և ռեսուրսներ ծախսեցինք  այս օրենքն ընդունելու համար, և, եթե ենթադրենք, որ օգտվեցին, արդյոք կունենա՞նք մեր երազանքների ՍԴ-ն», - նշեց փաստաբանը։ 

Նորիկյանի կարծիքով՝ ՍԴ-ի շուրջ ստեղծված ճգնաժամը պետք է հաղթահարել ավելի գլոբալ, համակարգային եղանակով, ինչը կարող է լինել սահմանադրական փոփոխությունների միջոցով, նոր սահմանադրական մարմին ձևավորելու ճանապարահով, այն հնարավորություն կտա ավելի լեգիտիմ ճանապարհով լուծելու ՍԴ-ի ճգնաժամը։ 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի պնդմամբ՝ ընդունված օրինագծում դատավորներից ազատվելու որևէ միտում չկա։ 

«Ե՛վ օրենքում է գրված, և՛ նախարարն է պարզաբանել, որ այս օրինագիծը ՍԴ անդամներին կամավոր կենսաթոշակի գնալու հնարավորություն է տալիս։ Օրենքում դատավորներից ազատվելու որևէ միտում չկա։ Սա այն կարգավորումն է, որով պետությունը ձեռք է մեկնում դատավորներին, որպեսզի վաղաժամ կենսաթոշակի գնան», - մեզ հետ զրույցում նշեց Նիկոլայ Բաղդասարյանը։

Սոնա Գրիգորյան