ԵԽ հանձնակատարը Ադրբեջանին կոչ է արել օրենսդրությունը համապատասխանեցնել եվրոպականին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

1

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը հրապարակել է զեկույց Ադրբեջանում կարծիքների արտահայտման ազատության վիճակի, իրավաբանների եւ ներքին տեղահանված անձանց իրավունքների խախտման մասին, հաղորդում է Turan-ը։

 Զեկույցը գրվել է Ադրբեջանում հուլիսի 8-12-ը եվրահանձնակատարի պատվիրակության հանդիպումների հիման վրա։

Միյատովիչն ափսոսանք է հայտնել, որ խոսքի ազատության պաշտպանության գործում Ադրբեջանում մեծ առաջընթաց չի արձանագրվել։ Նրա խոսքով՝ լրագրողները եւ սոցիալական ցանցերի ակտիվիստները, որոնք քննադատում են կառավարությանը, մշտապես ձերբակալվում են։

Հանձնակատարը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել իրենց հայացքների համար բոլոր կալանավորվածներին։

Հանձնակատարի գրասենյակը հրապարակել է նաեւ Ադրբեջանի կառավարության մեկնաբանությունները։ Իշխանությունների կարծիքով՝ որոշ գնահատականներ զեկույցում չեն արտացոլում երկրում մարդու իրավունքների հետ կապված իսկական իրավիճակը, իսկ դրանց մի մասը ճիշտ չէ։

Հանձնակատարը նշում է, որ Ադրբեջանի քրեական օրենսգրքում նախատեսված է պատիժ զրպարտության համար, եւ կրկնում է, որ զրպարտությունը պետք է ապաքրեականացվի։

Միյատովիչը իշխանություններին կոչ է արել օրենսդրությունը համապատասխանեցնել եվրոպական չափորոշիչներին։

Նշելով, որ տեղահանված անձինք ղարաբաղյան հակամարտության հետեւանքով առաջնահերթ են եղել Ադրբեջանի կառավարության համար, հանձնակատարը ողջունում է իշխանությունների կողմից այդ մարդկանց իրավունքների ապահովման  կարեւոր միջոցների ընդունումը։

Միյատովիչը նշում է, որ որոշ տեղահանված անձինք դեռեւս ապրում են հանրակացարաններում, չեն կարող վերադառնալ իրենց տները, իսկ բնակարան հատկացնելու դեպքում հաշվի չեն առնում նրանց հատուկ պահանջմունքները։ Հանձնակատարը կոչ է անում  իշխանություններին բարելավել այդ անձանց բոլոր տնտեսական եւ սոցիալական իրավունքների եւ, մասնավորապես, բնակարանի եւ զբաղվածության բավարար հասանելիությունը։