Նախկինում մի քանի անգամ դատված տղամարդը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

Հասարակություն

Երեկ՝ դեկտեմբերի 11-ին, կրակոցներ են հնչել Տավուշի մարզոմ: Ժամը 21:30-ի սահմաններում «Դիլիջան» բժշկական կենտրոնից ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրարորը Դիլիջան քաղաքի բնակիչ, 31-ամյա Արման Ղալեչյանն է, ով ըստ բժիշկների հայտարարության՝ կատարվածի մասին ի վիճակի չէ բացատրություն տալու, քանի որ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Տավուշի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի Թբիլիսյան խճուղու 61 հասցեում գործող, նախկինում դատապարտված, 34-ամյա Ավագ Բալինյանի կողմից վարձակալական հիմունքներով շահագործվող «Մանարս» ավտոգազալցակայանի դիմացից, որտեղ դեռևս անհայտ տիպի հրազենից վնասվածքներ է ստացել:

Աղբյուրի տեղեկություններով՝ Տավուշի մարզի ոստիկաններն ու քննիչները ստացված օպերատիվ տվյալներով պարզել են, որ Ա. Ղալեչյանին հրազենային վնասվածքները պատճառել է Ա. Բալինյանը, ով այնուհետև դեպքի վայրից Range Rover մակնիշի ավտոմեքենայով դիմել է փախուստի:

Աղբյուրը հայտնում է, որ վիրավոր Ա. Ղալեչյանը նախկինում մի քանի անգամ եղել է դատապարտված, այս պահին էլ նա մեկ այլ քրեական գործով որպես կասկածյալ է անցնում: Անցյալ տարի «Դիլիջան ազգային պարկ»-ի հարևանությամբ իր մոտ եղած ինքնաձիգից կրակոցներ էր արձակել Արագած Թամրազյանի վրա: Նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով նա հայտնաբերվել ու կալանավորվել էր, սակայն Տավուշի մարզի դատավոր Սամվել Մարդանյանը գրավի դիմաց նրան ազատ էր արձակել, որից հետո Տավուշի մարզի դատախազությունն ու քննչական վարչությունը քրեական գործերով վերաքննիչ դատարան բողոք էին ներկայացրել և վերաքննիչ դատարանը բավարարել էր միջնորդությունը ու Ա. Ղալեչյանը կալանավորվել էր: