ՀՔԾ-ն 3-րդ անգամ Վահագն Հարությունյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

Վահագն Հարությունյան

Հատուկ քննչական ծառայությունը Մարտի 1-ի գործով մեղադրյալ Վահագն Հարությունյանի մեղադրանքը լրացրել է նոր դրվագներով և երրորդ անգամ նրան կալանավորելու միջնորդություն ներկայացրել դատարան: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում գործով երկու դատական նիստ է նշանակվել՝ հոկտեմբերի 10-ին և 11-ին, որոնք հետաձգվել են: Այս մասին հայտնում է «Հետք»-ը: 

Հատկանշական է, որ չնայած մեղադրանքը լրացվել է նոր դրվագներով՝ Հարությունյանին վերագրվող հոդվածների փոփոխություն չի եղել, նա շարունակում է մեղադրվել Մարտի 1-ի գործով ապացույցներ կեղծելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ, որը զուգորդվել է բռնությամբ:

Հատուկ քննչական ծառայությունը վերը նշված հանգամանքների մասին այս պահին տեղեկություն չի հայտնում: ՀՔԾ-ի լրատվական ծառայությունից հրաժարվեցին որևէ մեկնաբանություն տալ:

Հարությունյանը մեկ տարուց ավելի է՝ գտնվում է հետախուզման մեջ: Օրեր առաջ նրա պաշտպան Միհրան Պողոսյանը դիմել էր Գլխավոր դատախազին և ՀՔԾ պետին՝ հայտնելով, որ նա ցանկանում է վերադառնալ Հայաստան և խնդրելով վերացնել դրա հետ կապված տեխնիկական խնդիրները: Դիմումն, ըստ էության, Հարությունյանի նկատմամբ հետախուզումը դադարեցնելու մասին էր, սակայն ՀՔԾ-ն մերժել է վերացնել այն:

Նշենք, որ Վահագն Հարությունյանի խափանման միջոցի հարցը արդեն մեկ տարուց ավելի քննվում է Հայաստանի տարբեր ատյանի դատարաններում:

Ի սկզբանե Հարությունյանը մեղադրյալ էր ներգրավվել «Մարտի 1-ի գործի» շրջանակներում միայն ապացույց կեղծելու համար, և նրա նկատմամբ առաջին ատյանի դատարանը խափանման միջոց էր ընտրել կալանավորումը: Վերաքննիչ դատարանն այս որոշումը վերացրել էր:

2018 թվականի դեկտեմբերի 26-ին դատախազությունը հայտնել էր, որ Վերաքննիչ դատարանի որոշումը չի բողոքարկի, բայց նույն օրը Հատուկ քննչական ծառայությունը նրա մեղադրանքը լրացրել էր ու երկրորդ անգամ կալանքի միջնորդություն ներկայացրել:

2018-ի դեկտեմբերի 30-ին դատարանը` նախագահությամբ դատավոր Արտուշ Գաբրիելյանի, Վահագն Հարությունյանի պաշտպանի բացակայությամբ քննել էր գործն ու Հարությունյանին կալանավորելու որոշում կայացրել:

2019-ի փետրվարի 6-ին Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր Վահագն Հարությունյանի կալանավորման վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշումն ու գործն ուղարկել նույն դատարան՝  նոր քննության:

Այս անգամ խափանման միջոցի հարցը քննել էր դատավոր Աննա Մաթևոսյանն ու որոշել մերժել Հարությունյանին կալանավորելու վերաբերյալ ՀՔԾ-ի միջնորդությունը: Այս դատական ակտը Վերաքննիչ դատարանը թողել է անփոփոխ, իսկ Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել դատական ակտի դեմ դատախազության բողոքը:

Այսինքն որոշումը, որով մերժվել էր Հարությունյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը, մտել է օրինական ուժի մեջ, և նման պայմաններում ՀՔԾ-ն, փաստորեն, նոր միջնորդություն է ներկայացրել՝ նրան կալանավորելու վերաբերյալ:

Աղբյուրը՝ «Հետք»։