Ոստիկանների գործողությունների արդյունքում վիճաբանությունը կրակոցի չհասավ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

Հասարակություն

Ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 11-ին, Արմավիրի մարզում տեղի ունեցած միջադեպի փաստով, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 21:00-ի սահմաններում Նորապատ գյուղի 13 հասցեում գործող դեղատան տարածքից ոստիկանության Արմավիրի մարզի ծառայողները ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արամ Հովհաննիսյանի, ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախուզության ծառայողները՝ բաժնի պետ Արմեն Խաչատրյանի, բաժնի պետի տեղակալ Մաթևոսյանի գլխավորությամբ ոստիկանության Արմավիրի բաժին են բերման ենթարկել նույն գյուղի բնակիչներ, 48-ամյա Յուրիկ Նաբոյանին, 24-ամյա Մրազ Մստոյանին, 21-ամյա Սամվել Մստոյանին, 38-ամյա Արթուր Ռզգոյանին, Մրգաշատ գյուղի բնակիչ, 21-ամյա Սևակ Խաչատրյանին և նշված անձանց հետ, ըստ նախնական տեղեկությունների, վիճաբանության մեջ մտած, Նորապատ գյուղի բնակիչներ, 41-ամյա Տիգրան Պետրոսյանին և 49-ամյա Դավիթ Ամիրյանին:

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները պարզել են նաև, որ նշված վիճաբանության մասին իմանալով, նշված վայր է ժամանել Ս. Մստոյանի հայրը՝ Նորապատ գյուղի բնակիչ, 40-ամյա Քյարամ Մստոյանը:

Վերջինս եղել է որսորդական ողորկափող «Սայգա 410 Կ» տեսակի 36մմ տրամաչափի հրացանով:

Ոստիկանների անցկացված բացատրական աշխատանքների արդյունքում վերջինս ներկայացրել է նաև հրացանը:

Նշված անձինք որոշ ժամանակ անց բաց են թողնվել: