Փորձենք հասկանալ, թե ինչու է պետական համակարգը դիմադրում «հեղափոխությանը»․ քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

1

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հայտնած «Ամբողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը, և ես ջարդելու եմ այդ դիմադրությունը»  մտքին։

«Փորձենք հասկանալ, թե ինչու է պետական համակարգը դիմադրում «հեղափոխությանը» և, առհասարակ, ի՞նչ հեղափոխության մասին է խոսքը:

- Եթե կրթության, գիտության ու մշակույթի (!!!!!!!!!!!) փոխնախարար է նշանակվում մի երիտասարդ (պարզ չի, թե ինչ կապ է ունեցել կրթության ու մշակույթի հետ), որը ֆեյսբուքում, մինչև նշանակումը, ամենավերջին հայհոյանքներով լի գրառումներ էր անում, ապա ինչ կրթության ու մշակույթի մասին է խոսքը և արդյոք «պետական համակարգը» ճիշտ չի անում, որ նման «հեղափոխությանը» դիմադրում է։ Առավել ևս, որ հետագայում այդ անձը կոռուպցիայի մեջ է մեղադրվում։

- Հասարակական մի ակտիվիստ կառավարության աստիճաններից իջնելուց հետո լրատվամիջոցներին հարցազրույց է տալիս, որ ԱԱԾ-ում մի սպա իրեն ինֆորմացիա է մատակարարում ԱԱԾ-ի տնօրենի ու, առհասարակ, ԱԱԾ-ի անցուդարձի մասին, ու դրանից հետո նա չի հարցաքննվում, այդ սպան չի հայտնաբերվում ու պատժվում (այսինքն՝ ինֆորմատորները մինչ այժմ շարունակում են բուն դնել այդ հիմնարկում), որից հետո ԱԱԾ-ի տնօրենը հեռացվում է, իսկ այդ ակտիվիստը կառավարությունից գումար է ստանում, ի՞նչ «պետական համակարգի» ու անվտանգության մասին է խոսքը ու ինչո՞ւ այդ համակարգը չպետք է դիմադրի «հեղափոխությանը», եթե ցանկանում է շարունակել իր գոյությունը։

- Եթե դատարանները շրջափակվում են, դատավորներին գործադիր իշխանության ղեկավարը հրապարակայնորեն անպատվում է, ապա ի՞նչ դատական համակարգի մասին է խոսքը։

- Եթե հրապարակում ոմն մեկը հայտարարում է, որ սատկացնելու է Արցախի նախագահին, որից հետո չի պատժվում, իսկ Արցախը հայտարարվում է հակահեղափոխության օջախ, ապա ինչու՞ չետք է Արցախը դիմադրի՝ անկախ նրանից, թե այնտեղ կոռուպցիա կա՞, թե ոչ։ Չէ որ Արցախի կոռուպցիային չէին ցանկանում սատկացնել, այլ այն իշխանությանը, որին, ըստ վարչապետի, Արցախի ժողովուրդն է ընտրել։

Այս ցուցակը կարելի է շատ երկար շարունակել, բայց ցանկություն չկա։

Ու վերջապես, որտե՞ղ գտնենք այն թուղթը, որում նկարագրվում է հեղափոխության նպատակները, առանց ոչինչ չասող «կոռուպցիայի դեմ պայքար», «ժողովրդի իշխանություն» ու նմանատիպ վերացական արտահայտությունների, որ հասկանանք, թե ով ում ու ինչի համար է դիմադրում»,- գրել է քաղաքագետը։