Վախկոտներ են նրանք, ովքեր պատմությունն օգտագործում են քաղաքական նպատակներով․ Չավուշօղլու

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

Չավուշօղլու

Թուրքիայում բուռն արձագանք է առաջացրել ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը։  Թուրք բարձրաստիճան պաշտոնյաները Սենատի որոշումը դատապարտող հայտարարություններ են անում։ Այդ մասին գրում է ermenihaber.am-ը։

Թուրքիայի նախագահականից հետո չուշացավ նաև ԱԳՆ արձագանքը։ ԱՄՆ Սենատի որոշմանը արձագանքել է Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուն։ Նա թվիթերի իր միկրոբլոգում գրառում է արել՝ ասելով.

«ԱՄՆ-ի սենատի որոշումը քաղաքական բեմադրություն է։ Այն իրավական հենք և ուժ չունի։ Նրանք ովքեր պատմությունը օգտագործում են քաղաքական նպատակներով, վախկոտներ են, ովքեր չեն ցանկանում առերեսվել պատմության հետ»։

Արձագանքել է նաև Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը։ Նա նշել է, որ այս որոշումը «թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, ռազմական, ոլորտում Թուրքիայի վճռական դիրքորոշման վրա ոչ մի կերպ ազդեցություն չի կարող ունենալ»։

Հիշեցնենք, որ ԱՄՆ Սենատն ընդունել է հայերի ցեղասպանությունը ճանաչող՝ սենատորներ Ռոբերտ Մենենդեսի և Թեդ Կռուզի կողմից ներկայացված 150-րդ բանաձևը։ Այն ընդունվել է միաձայն, և դրա համաձայն՝ պաշտոնապես մերժվում է Թուրքիայի՝ հայերի, հույների, սիրիացիների, ասորիների և այլ քրիստոնյա ազգերի դեմ Ցեղասպանության նկատմամբ ժխտողականությունը: Այն աջակցում է հայերի ցեղասպանության մասին իրազեկվածության բարձրացմանը՝ մերօրյա վայրագությունները կանխելու նպատակով։

: