Թույլ չեմ տա՝ արտաքին օրակարգ սպասարկողները վնասեն պետության անվտանգությունը. «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

Վանեցյան

«Ժողովուրդը» գրում է․ «ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը «Ժողովուրդ» օրաթերթի խնդրանքով մեկնաբանել է որոշ հասարակական գործիչների կողմից ԱԱԾ-ի ուղղությամբ վերջին օրերին ուժեղացած հարձակումները:

Արթուր Վանեցյանը նշել է, որ եթե ԱԱԾ-ն սահմանափակված է պաշտոնեական էթիկայով, չի նշանակում, որ ում մտքով ինչ դատարկաբանություն անցնի, պետք է հրապարակավ հնչեցնի սպաների հասցեին:

«ԱԱԾ գործող սպաները այսօր սահմանափակված են պաշտոնեական էթիկայով, ես՝ այլևս ոչ: Ասել եմ, նորից կրկնում եմ՝ անկախ իմ կարգավիճակից, մշտապես լինելու եմ ծառայակից ընկերներիս կողքին։ Երբեք թույլ չեմ տա, որ կեղծ իրավապաշտպանները, արտաքին օրակարգեր սպասարկող անձիք, նրանց ստեղծած ցանցերը որևէ կերպ վնասեն մեր պետության անվտանգությանը։ Ամեն ինչ անելու եմ, որպեսզի մեր հասարակությունը զերծ մնա նրանց վտանգավոր քարոզչության ազդեցությունից։ Սա մեր տունն է, մեր հայրենիքն է», - ասել է ԱԱԾ նախկին տնօրենը։

Թերթի այն հարցին՝ ինչպես է գնահատում ԱԱԾ ներկայիս գործունեությունը, Արթուր Վանեցյանը պատասխանել է. «ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է պատվով լուծել իր առջև դրված խնդիրները։ Չնայած ներքին և արտաքին վայրիվերումներին՝ ԱԱԾ-ն այսօր էլ այն կառույցն է, որն իր ուսերին է կրում հայկական պետությունների և ողջ ժողովրդի անվտանգությունն ապահովելու չափազանց ծանր ու պատասխանատու բեռը։ Այնտեղ ծառայում են լավագույնները, ովքեր անձնուրաց ու պատվով դիմակայում են բոլոր ներքին ու արտաքին մարտահրավերներին»։