Արարատում խոշոր չափերի գողության դեպք է բացահայտվել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News  

վթար

Դեկտեմբերի 12-ին, ոստիկանության Արարատի մարզային վարչությունում առանձնապես խոշոր չափերի գողության դեպք է բացահայտվել։

Դեկտեմբերի 11-ին ոստիկանության Մասիսի բաժին է դիմել Նոր Խարբերդ գյուղի բնակիչ՝ 62-ամյա Վիկտոր Իսրայելյանը և հայտնել, որ անհայտ անձը կամ անձինք գաղտնի մուտք են գործել իրեն պատկանող, ԽՍՀՄ տարիներին գործող, սակայն այժմ պարապուրդի մատնված Երևանի թափոնների վերամշակման գիտաարտադրական միավորում և այնտեղից հափշտակել 70 հազար ԱՄՆ դոլար և 3 հազար եվրո գումար։

Նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանները Երևան քաղաքից ոստիկանության Մասիսի բաժին են բերման ենթարկում Նոր Խարբերդի բնակիչ՝ 25-ամյա Նվեր Հարությունյանին և 58-ամյա Ռոբերտ Հարությունյանին։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ թափոնների վերամշակման գիտաարտադրական միավորում պահեստային մասից Ռ. Հարությունյանը հափշտակել է ողջ գումարը և այն տանում, հանձնում է տղային՝ Նվերին՝ ասելով, որ «սա այգում՝ հողի մեջ պահի, հետ կորոշենք՝ ինչ ենք անելու»։ Նվերն էլ, հորից ստանալով գողացված գումարը, թաքցնում է այգում՝ հողի մեջ, սակայն հորից թաքուն այնտեղից գողանում է մոտ 7000 ԱՄՆ դոլար, իսկ հետո հորը հայտնում է, որ արդեն գումարը թաքցրել է ապահով վայրում։

Տղան՝  հորը թողնում է տանը և հեռանում, դրանից հետո այս անգամ հայրը տղայի թաքցրած վայրից գումարը հանում և մեկ այլ տեղ է թաքցնում ու, երևի, ճիշտ է ասված՝ «գողը գողից գողացավ, Աստված, տեսավ, զարմացավ»։ Այս պահին ոստիկանների ու քննիչների ուղեկցությամբ կասկածյալը մատնացույց է անում հողամասի այն վայրը, որտեղ թաքցրել է հափշտակված գումարը։

Քիչ առաջ ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել Lada Priora մակնիշի 36 QՍ 383 համարանիշի ավտոմեքենան, որն այսօր գողացված գումարով գնել է Նվերը, իսկ այն անվանափոխել է իր ընկերոջ անունով։

Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 177 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Նախաքննությունը շարունակվում է։