Զարմացած ու անհանգստացած եմ՝ ինչո՞ւ է Ռուբեն Հայրապետյանն անունս տվել․ Արմեն Նիկողոսյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի առանձնատանն ու իր անվան հետ կապված շինություններում այսօր առավոտից ՀՀ ոստիկանության 6-րդ վարչությունը խուզարկություն էր իրականացնում։ Խուզարկության ավարտին՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, Ռուբեն Հայրապետյանը տվեց ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի անունը՝ պատասխանելով հարցին, թե ո՞ր գործի շրջանակում է խուզարկություն իրականացվում։

24News-ը կապ հաստատեց ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի հետ՝ պարզելու, թե ինքն ի՞նչ կապ ունի խուզարկության հետ կամ ինչո՞ւ Ռուբեն Հայրապետյանը տվեց իր անունը։

-Պարո՛ն Նիկողոսյան, ինչո՞ւ Ռուբեն Հայրապետյանը տվեց Ձեր անունը, երբ իրեն հարցրին՝ ի՞նչ գործի շրջանակում է խուզարկվում իր առանձնատունը։

-Ես էլ հենց նոր իմացա, որ Ռուբեն Հայրապետյանն իմ անունն է տվել։ Ինձ համար ցավալի է այս վիճակը։ Ես որևէ բացատրություն կամ ցուցմունք չեմ տվել ոստիկանությունում։ Իհարկե, ես  միգուցե հասկանում եմ, թե ով կարող էր դա ասել, բայց մարդիկ բացարձակ սխալ ուղղությամբ են մտածում։

Իրավիճակն ինձ համար ոչ միայն զարմանալի է, այլև անհանգստացնող․ ի՞նչ նպատակով են իմ անունը տվել Ռուբեն Հայրապետյանին, չեմ կարողանում հասկանալ։

-Ո՞ւմ նկատի ունեք՝ ասելով, որ հասկանում եք՝ ո՞վ կարող էր Ձեր անունը տալ Ռուբեն Հայրապետյանի մոտ։

-Չեմ ցանկանում անուն ասել, որովհետև այն, ինչ կատարվում է, ինձ համար շատ անհասկանալի ու զարմանալի է։ Երբեք որևէ բանի մասնակցություն չեմ ունեցել։ Այս ընթացքում 6-րդ վարչությունից, թե ովքեր ինչ թղթեր են տարել ու բերել, ես տեղյակ չեմ։ Մենք ունեցել ենք նախագահ, որը որոշումներ է կայացրել, ես որևէ որոշում չեմ կայացրել ու լիազորություն էլ չեմ ունեցել։

-Այնուամենայնիվ, ոստիկանության կողմից գործողություններ իրականացվե՞լ են ՀՖՖ-ում։

-Այո՛, բայց ես ոչ մի անգամ ցանկություն չեմ ունեցել իմանալու՝ ի՞նչ է արվում, առավել ևս հիմա տեղյակ չեմ, թե ոստիկանությունը ինչ է անում։

-Ի՞նչ հարաբերությունների մեջ եք Ռուբեն Հայրապետյանի հետ, շփո՞ւմ ունեք, թե՞՝ ո՛չ։

-Վաղուց չենք շփվել, ավելի ճիշտ՝ գարնանից, բայց միշտ շատ լավ հարաբերությունների մեջ ենք եղել։ Ուղղակի մարդիկ փորձում են, իմ անունը շահահարկելով, դիվիդենտներ շահել, բայց ես ընդամենն աշխատել եմ այս ամբողջ ընթացքում հանուն ֆուտբոլի առաջընթացի։ Թե մարդիկ ի՞նչ են խոսում, թողնում եմ իրենց խղճին։

-Այսօր չե՞ք փորձելու կապ հաստատել Ռուբեն Հայրապետյանի հետ։

-Ես նոր եմ իմացել այդ մասին, դեռ շփոթված եմ։

-Ստեղծված իրավիճակը կապ ունի՞ ՀՖՖ նախագահի առաջիկա ընտրությունների հետ։

-Բնականաբար, հիմա ինչ կատարվում է հայկական ֆուտբոլում, կապված է ՀՖՖ նախագահի ընտրության հետ։

Հասմիկ Կիրակոսյան