Թումանյանը՝ հայերեն և վրացերեն. Թբիլիսիում լույս է տեսել միանգամից երեք գիրք

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

Մշակույթ

Հայ-վրացական ընդհանուր հետաքրքրությունները, բարեկամական կապը և փոխադարձ սերը իրենց գրական արտահայտությունն են գտել Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Վրաստանի մշակույթի նախարարությունում  կայացավ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված «Տասը հեքիաթ», «Թումանյան-150» (երկուսն էլ`հայերեն և վրացերեն զուգադիր) և «Թումանյան լուսեղեն» (վրացերեն) գրքերի շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա էին Վրաստանի գրողների միության նախագահ Մաղվալա Գոնաշվիլիին, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Դևրիկյանը, Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնի ղեկավար Գիսանե Հովսեփյանը, թարգմանիչ և արձակագիր Գիվի Շահնազարը, Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը և այլ հյուրեր:

Երևանի Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանն ընդգծեց, որ հանրության ուշադրությանն են ներկայացվել երեք հրաշալի գրքեր, որոնք կազմվել և թարգմանվել են իրենց գործի նվիրյալ մարդկանց շնորհիվ:

Մշակույթ

«Ինչպես, առհասարակ, Թումանյանի թողած գրական ժառանգությունն է ուղղված բոլորին, այնպես էլ ներկա հրատարակությունները` հեքիաթներից մինչև հոդվածներ և խոհափիլիսոփայական քառյակներ: Յուրաքանչյուր գրքի ծնունդ օրհնյալ է, որովհետև այն նոր սերնդին հնարավորություն է տալիս ավելի լավ ճանաչելու անցյալը, վերարժևորելու ներկան և ավելի գեղեցիկ դարձնելու ապագան»,- նշեց Եզիազարյանը:

Խոսելով Թումանյանի և հայ-վրացական կապերի մասին` բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Դևրիկյանը նշեց, որ  երկու ժողովուրդների հոգևոր ընդհանրության գլխավոր արտահայտությունը 4-րդ դարի սկզբին քրիստոնեության ընդունումն է Հայաստանում և Վրաստանում: Վրաստանի Լուսավորիչ Սուրբ Նունե-Նինոյի մասին գրում են միջնադարյան հայկական և վրացական աղբյուրները: 

«Թումանյանի «Ս. Նունեի պատկերի առաջ» բանաստեղծության մեջ  խտացվել և բանաստեղծական ընդհանրացմամբ ներկայացվել է Նունեի վարքի հայկական և վրացական խմբագրությունների սյուժետային գլխավոր գծերը»,- ասաց գրականագետը:

Միջոցառմանը կից ներկայացվեց Թումանյանի կյանքի և գործունեության մասին լուսանկարների ցուցահանդեսը, որը կազմակերպվել էր «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանի ղեկավարությամբ:

Արամ Անանյանի խոսքով` այս կարևոր միջոցառմանը «Արմենպրես»-ը ներկայացրել է արխիվային բացառիկ արժեք ունեցող լուսանկարներ:

«Շատ հեշտ է խոսել այն ժամանակ, երբ Թումանյանի նման մեծին բոլոր գնահատականները տրված են, և, միևնույն է, այդ գնահատականները քիչ են: Երբ այս տարի` սեպտեմբերի 11-ին նմանատիպ ցուցահանդես բացեցինք, մեր նպատակը և փոքրիկ երազանքն էր, որ ցուցահանդեսը ներկայացնենք Դսեղում, վերջում բերել Թբիլիսի և թողնել այստեղ` մշակութային կենտրոնում, որը ձևավորվել է Թումանյանի տանը: Ես իմ խոստումը կկատարեմ, որ տվել եմ այդ տան բացման օրը: Մենք Թումանյանի բնակարանին կփոխանցենք ցուցահանդեսի լուսանկարները»,- նշեց Անանյանը:

Վիրահայոց թեմը, համագործակցելով Վրաստանի և ՀՀ  պետական և հասարակական հաստատությունների հետ, 2019 թվականին իրագործեց Մեծն Թումանյանին նվիրված  հոբելյանական միջոցառումներ մայրաքաղաք Թբիլիսիում և տարածաշրջաններում:

Մշակույթ

«Տասը հեքիաթ» ժողովածուում տեղ են գտել Հովհաննես Թումանյանի այն չորս հեքիաթները, որոնք թարգմանվել են վրացի բանաստեղծ Իոսեբ Գրիշաշվիլու կողմից, ավելացված ևս վեց հեքիաթ, որոնց թարգմանությունն իրականացրել է բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարը: Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» կենտրոնն աջակցել է նկարազարդման աշխատանքներին: Նկարազարդումներն իրականացրել են Իվանե Կեզուան և Շորենա Չաչանիձեն: Վրաստանում իրականացվող աշխատանքները համակարգել է թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնը: «Տասը հեքիաթի» վրացերեն թարգմանության, հրատարակության աշխատանքները նախաձեռնել և իրականացրել է  Երևանի Հովհաննես Թումանյանի թանգարանը:

«Թումանյան-150» ժողովածուի հրատարակությունն իրականացվել է Վրաստանի  մշակույթի նախարարության  «Բազմազգ Վրաստան» ծրագրի շրջանակում՝ Վիրահայոց թեմի և Վրաստանի գրողների միության «Թումանյան-150» նոր թարգմանությունների գրքի կազմման և տպագրության  նախագծով, որի հեղինակներն են  Վրաստանի գրողների միության համանախագահ Մաղվալա Գոնաշվիլին և Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնի ղեկավար Գիսանե Հովսեփյանը, խորհրդատուն՝ Երևանի Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը: Գրքում զետեղված են Թումանյանի չթարգմանված քառյակները, ավելի վաղ թարգմանված մի քանի բանաստեղծություններ և նամակներ: Ժողովածուի առաջաբանը գրել է հայագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բոնդո Արվելաձեն:

«Թումանյան լուսեղեն» գրքում տեղ են գտել  Հովհ. Թումանյանի՝ Վրաստանին և վրաց բարեկամներին նվիրված բանաստեղծությունները, հոդվածները և նամակները, ինչպես նաև վրացի բարեկամների՝ Թումանյանին ուղղված նամակները, բանաստեղծությունները, գնահատականները: Գիրքը, որը տպագրվել է  ՀՀ ԳԿՄՍ  նախարարության, Վիրահայոց թեմի և անհատ բարերար Սերգեյ Սիմոնյանի ծախսերով, կազմել է վրացագետ, բանասիրական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Հրաչյա Բայրամյանը: Հրատարակության հետ կապված աշխատանքները համակարգել են Երևանի Հովհաննես Թումանյանի թանգարանը և Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնը:

Հովհաննես Թումանյանի աճյունը հուղարկավորված է Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոնում: Նրա անունն անխզելիորեն կապված է Վրաստանի ու վրացիների հետ: Վրաստանում Հովհաննես Թումանյանը մեծ ժողովրդականություն վայելող ու սիրված պոետներից մեկն է: Նրա լավագույն երկերը թարգմանված են վրացերեն: Նրա ստեղծագործություններն ուսումնասիրում են Վրաստանի դպրոցներում: