ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News
Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունն անդրադարձել է դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը:
Դեսպանատան մամուլի խոսնակը թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է, որ ամերիկյան իշխանության դիրքորոշումն այդ բանաձևի ընդունումից հետո փոփոխություն չի կրել: Գրել է Ermenihaber-ը։
«Իշխանության դիրքորոշումը չի փոխվել: Մեր տեսակետներն արտացոլվել են անցած ապրիլին նախագահի (Դոնալդ Թրամփի) կատարած վերջին հայտարարությունում»,- ասել է խոսնակը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 24-ին ունեցած ելույթում 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ոճրագործությունները բնութագրելու համար օգտագործել էր ոչ թե ցեղասպանություն եզրույթը, այլ հայերեն որակել «Մեծ եղեռն»:
«Այսօր մենք հիշում և ոգեկոչում ենք 20-րդ դարի վատթարագույն զանգվածային վայրագություններից մեկի՝ Մեծ Եղեռնի տառապանքների բովով անցածներին:
1915թ. սկսած՝ Օսմանյան կայսրության վերջին տարիների ընթացքում, մեկ ու կես միլիոն հայեր զոհ են գնացել տեղահանություններին, կոտորածներին ու մահվան երթերին: Ես միանում եմ Ամերիկայի հայկական համայնքին և աշխարհասփյուռ հայությանը՝ սգալու կորսված մարդկային անմեղ կյանքերի ու կրած բազում տառապանքների վիշտը: Մենք պետք է հիշենք վայրագությունները, որպեսզի թույլ չտանք դրանց կրկնությունը»,- իր ելույթում մասնավորապես նշել էր Թրամփը։