ԱՄՆ Սենատը հաստատեց իր քաղաքական կամքը ցեղասպանությունների կանխման նկատմամբ. ՀՅԴ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը հայտարարություն է տարածել ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման կապակցությամբ, որը ներկայացնում ենք ստորև․

«Հոկտեմբերի 29-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցչական Պալատի Հայոց Ցեղասպանությունը ճանաչող թիվ 296 բանաձևի որդեգրմանը հաջորդեց երեկ, դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Սենատի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչող թիվ 150 բանաձևի ընդունումը՝ միաձայնությամբ։

Ցեղասպանությունների կանխարգելման և արդարության նկատմամբ ԱՄՆ Սենատի այս քայլը պատմական էր ու աննախադեպ նաև նրանով, որ առաջին անգամ ԱՄՆ պատմության ընթացքում ԱՄՆ Սենատի քննարկման օրակարգ է դարձել Ցեղասպանության հարցը։ ԱՄՆ Սենատը հաստատեց իր քաղաքական կամքն ու հանձնառությունը ցեղասպանությունների կանխման և արդարության վերականգնման նկատմամբ։

Թուրքիայի կողմից հայ ժողովրդի դեմ գործած ոճրին տրվում է պատմական արդար գնահատական և ապացուցում, որ քաղաքակիրթ աշխարհը չի հանդուրժում մարդկության դեմ հանցագործություններն ու ցեղասպանությունները և ժխտողական քաղաքականություն որդեգրած Թուրքիային կոչ է անում վերականգնել պատմական արդարությունը։

Անվիճելի փաստ է, որ այս հաղթանակը հատկապես արդյունք է ԱՄՆ-ում գործող Հայ Յեղափոխական Դաշնակցության կառույցի, Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների երկար տարիների համառ, հետևողական ու նվիրված պայքարի։

Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինն ողջունում է ԱՄՆ Սենատի կողմից պատմական արդարությունը վերականգնող այս բանաձևի ընդունումը և իր անմնացորդ զորակցությունն է հայտնում ԱՄՆ-ում աշխատող մեր կառույցներին և ընկերներին»։