Եվրախորհրդարանում քննադատել են Սիրիայի նկատմամբ Թուրքիայի քաղաքականությունը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

.

Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում կազմակերպված պանելային քննարկմանը բանախոսները քննադատել են Սիրիայի նկատմամբ Թուրքիայի վարած քաղաքականությունը: Այս մասին գրում է Էրմենիհաբերը:

Քննարկմանը մասնակցել են մի շարք մտավորականներ, Եվրախորհրդարանի պատգամավորներ, քաղաքական գործիչներ, հասարակական կազմակերպությունների անդամներ և մարդու իրավունքի պաշտպաններ: Ներկա են գտնվել նաև Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բերնարդ Կուչները, Հունաստանի փախստականների հարցերով նախկին նախարար Իոանիս Մուզալասը:

Մուզալասի փոխանցմամբ` ինքը 4 ամիս առաջ եղել է Սիրիայի հյուսիս-արևելքում, որտեղ ուսումնասիրել է իրավիճակը:

«Ռոժավայում (քրդերեն` Արևմուտք) քրդերը, հայերը և արաբները միասին են ապրում և չեն փորձում տարբեր պետություններ հիմնել: Թուրքիայի համար որևէ ռիսկ չկա և չպետք է այս իրավիճակը մտահոգության տեղիք տա»,- շեշտել է Մուզալասը:

Նա կոչ է արել ԵՄ-ին օգնություն տրամադրել Սիրիայի հյուսիս-արևելքում ապրող բնակչությանը, ինչպես որ Թուրքիային է տրամադրվում, քանի որ նրանք հումանիտար ծայրահեղ ճգնաժամի մեջ են գտնվում: