Տոն Ս. Հակոբ Մծբնա հայրապետի, Մարուգե ճգնավորի և Մելիտոս եպիսկոպոսի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

1

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Տօն Ս. Յակոբ Մծբնայ հայրապետին, Մարուգէ Ճգնաւորին եւ Մելիտոս Եպիսկոպոսին:

Ս. Յակոբ Մծբնայ հայրապետն Ընդհանրական Եկեղեցու հեղինակաւոր և սիրուած սրբերից է: Կատարած բազում հրաշքների շնորհիւ նրան կոչել են նաև «Սքանչելագործ»: Վարքագրական աղբիւրների համաձայն` Յակոբը պարթեւական տոհմից էր և մեր առաջին հայրապետ Ս. Գրիգոր Լուսաւորչի հօրաքրոջ որդին: Երբ Անակ Պարթեւի տոհմը բնաջնջուել է, դայակները մանուկ Սուրէնին և Յակոբին փախցրել են Կեսարիա, ուր նրանք դաստիարակուել են քրիստոնէական ոգով: Շատ չանցած` մանուկ Յակոբն իր քրոջ` Սակդէնի հետ տեղափոխուել է Պարսկաստան և որոշ ժամանակ ապրել արքունիքում: Սակայն Ս. Յակոբը թողել է ճոխ կեանքը և դարձել ճգնաւոր: յետոյ գնացել է Մծբին, հանդիպել Ս. Մարուգէ ճգնաւորին, ով հռչակուած էր սրբակենցաղութեամբ: Ս. Յակոբ եպիսկոպոս է ձեռնադրուել 320-ական թուականներին Ամիդայում։

Նրանից լսելով, որ մարդկանցից շատերը թեպէտ հաւատքի են եկել, սակայն թերահաւատ են և կասկածում են Նոյեան տապանի գոյութեանը, որոշել է բարձրանալ լեռը, տապանը տեսնել եւ մի մասնիկ բերել: Հակառակ անկոտրում կամքին` չի կարողացել հասնել Արարատի գագաթը և երկար տանջուելուց հետո նիրհել է: Երազում հրեշտակն այցելել է նրան և տապանից մի մասունք դրել գլխատակին: Ըստ աւանդութեան, Ս. Յակոբի պառկած տեղում սառնորակ աղբիւր է բխել, բուժիչ և հրաշագործ յատկութիւններ ունեցել, իսկ աղբիւրի կողքին յետագայում սրբի անունով եկեղեցի է կառուցուել: Նոյեան տապանի այդ մասունքը ցայսօր պահւում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Լինելով ժամանակի պատկառելի անձնաւորութիւներից մէկը` մասնակցել է 325 թուականի Նիկիայի Տիեզերաժողովին եւ մեծ յարգ է վայելել Կոստանդիանոս կայսեր եւ ժողովականների կողմից: Իր կեանքի ընթացքում բազմաթիւ հրաշքներ է գործել եւ եղել անձնդիր հովիւ իր ժողովրդին համար: Մծբինի եպիսկոպոսի մահից յետոյ Աստուած Ս. Մարուգէին յայտնել է, որ Ս. Յակոբն է լինելու Մծբինի աթոռի արժանի յետնորդը: Երկար տարիներ իր հօտը հովուելուց յետոյ, նա վախճանուել է 350 թուականին:

Ս. Մելիտոս եպիսկոպոսը ծնուել է Փոքր Հայքի Մելիտինէ քաղաքում եւ 358 թուականին եղել Սեբաստիա քաղաքի եպիսկոպոսը: 360 թուականից գահակալել է Անտիոքի աթոռը: Նա աննկուն պայքար է մղել արիոսականների դէմ: Նախագահել է 381 թուականի Կ. Պոլսի Բ. Տիեզերաժողովը, սակայն վախճանուել է ժողովի աւարտից առաջ: