Պատմության իրական վկաները ոչ թե սենատների որոշումներն են, այլ արխիվները․ թուրք պաշտոնյա

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

1

Դեկտեմբերի 12-ին ԱՄՆ-ի Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև: Անմիջապես հետևեցին արձագանքները Թուրքիայից: Հայտարարություններով  հանդես եկան Թուրքիայի ԱԳՆ-ի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը: Արձագանքները դեռ շարունակվում են: 

Ermenihaber.am-ը առանձնացրել է մի շարք թուրք պաշտոնյաների հնչեցրած կարծիքները:

Այպիսով ԱՄՆ-ի Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանն արձագանքեցին Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը, պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլը, խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփը:

Վերոնշյալ պաշտոնյաները դատապարտել են որոշման ընդունումը՝ հայտնելով, որ այն Թուրքիայի և թուրք ազգի համար առ ոչինչ է: Նրանք հայտարարություններում կրկնել են վերջին շրջանում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հնչեցրած «արխիվների թեզը»:

Թուրքիայի փոխնախագահ Օքթայը, նշելով, որ թուրքական արխիվները բաց են գիտնականների և պատմաբանների առջև, շեշտել է. «ԱՄՆ-ի Սենատը այսպես կոչված ցեղասպանության բանաձևի միջոցով փորձում է ստերով նորից պատմություն գրել: Մինչդեռ պատմության իրական վկաները ոչ թե սենատների և խորհրդարանների որոշումներն են, այլ արխիվները»:

Պաշտպանության նախարար Աքարը ծայրաստիճան անհիմն է համարել այն, որ պատմական հարցերում որոշումներ են ընդունում քաղաքական գործիչները: Նրա կարծիքով՝ արխիվներն ուսումնասիրելու դեպքում բոլորը կտեսնեն, որ թուրք ազգի պատմությունը իբր մաս-մաքուր է:

Արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլը համոզմուքն է հայտնել, որ ոչ մի երկիր օգուտ չի քաղի պատմությունը և իրավունքը քաղաքականացնելուց: Նա իր մյուս գործընկերների նման շեշտադրում է արել արխիվներից օգտվելու մտքի վրա՝ նշելով, որ Թուրքիան 1915-ի վերաբերյալ առկա բոլոր տեսակի փաստաթղթերը, արխիվները բացելու պատրաստակամության մասին ամենաբարձր մակարդակով բազմիցս հայտարարել է:

«Կրկին ասում ենք, որ որպես պետություն բաց ենք այս հարցում գիտնականների առաջ ցանկացած գիտաժողովի և աշխատանքի առումով»:

Թուրքիայի խորհրդարանի նախագահ Շենթոփը, անդրադառնալով արխիվների հարցին, հիշեցրել է, որ 2005թ Թուրքիան համատեղ պատմաբանների հանձնաժողով ստեղծելու և արխիվներն ուսումնասիրելու առաջարկ էր արել Հայաստանին: Ըստ Շենթոփի՝ այդ առաջարկից 15 տարի անց էլ Հայաստանի կարևոր արխիվները փակ են:

Նա նաև հարցը դիտարկել է թուրք-ամերիկյան հարաբերությունների համատեքստում՝ նշելով, որ Սենատի որոշումը պետք չէ լուրջ ընդունել, քանի որ ԱՄՆ-ին չեն հետաքրքրում հայերը կամ «1915թ դեպքերը»: Շենթոփի կարծիքով՝ ԱՄՆ-ն ցանկանում է Թուրքիայի հետ բանակցային հարցերում առավելություն ձեռք բերել և դրա համար էլ օգտագործում է ամեն հնարավոր միջոց՝ այդ թվում և հայերին: