«Արդարությունը» չի հանդուրժի Արցախի անվտանգությունը վտանգող ցանկացած դրսևորում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News 

Արդարություն

Արցախի «Արդարություն» կուսակցությունը, իրավունքի ուժով իրենց վերապահված գործառույթներով, չի հանդուրժի որևէ երկրի կողմից Արցախի Հանրապետության անվտանգությանը և սուբյեկտայնությանը վտանգող ցանկացած դրսևորում:

«Արցախի «Արդարություն» կուսակցությունը դատապարտում է ս.թ. դեկտեմբերի 10-ին ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, վարչապետ Փաշինյանի անունից Հովհաննես Իգիթյանի արտահայտած այն միտքը, թե վարչապետ Փաշինյանը դեմ չէ ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային ձևաչափով Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների ներկայությանը:

Ադրբեջանա-ղարաբաղյան hակամարտության գոտում անժամկետ հրադադարի մասին պայմանագիրը, որն ուժի մեջ է մտել 1994 թվականի մայիսի 12-ին, ստորագրել են Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների ներկայացուցիչները: Այսինքն, մինչև ԼՂ-ին բանակցային ձևաչափից դուրս մղելը, ԵԱՀԿ 1994 թվականի Բուդապեշտի գագաթաժողովի որոշումն էր, որ բանակցային ձևաչափին պետք է մասնակցեն Հայաստանը, Ադրբեջանը եւ Լեռնային Ղարաբաղը:

Առ այսօր, ԼՂ բանակցային գործընթացում Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների ներգրավման Ադրբեջանի իշխանությունների ցանկությունը չի դառել իրականություն, սակայն ներկայումս Հայաստանի իշխանությունների այս դիրքորոշումը ճանապարհ է բացում Ադրբեջանի իշխանությունների այս նպատակի իրականացման համար:

Եթե բանակցային գործընթացը տեղի ունենա Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի երկու համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ, ապա դրանով ուղղակի հարվածի տակ կդրվի ինքնորոշված Արցախի Հանրապետության սուբյեկտայնությունը և անվտանգությունը:

Արցախի «Արդարություն» կուսակցությունը, իրավունքի ուժով իրենց վերապահված գործառույթներով, չի հանդուրժի որևէ երկրի կողմից Արցախի Հանրապետության անվտանգությանը և սուբյեկտայնությանը վտանգող ցանկացած դրսևորում:

Միաժամանակ, Արցախի «Արդարություն» կուսակցությունը պատրաստակամ է համագործակցել բոլոր այն ուժերի հետ, որոնք կնպաստեն Արցախի Հանրապետության կայացմանն ու հզորացմանը»։