Հեղափոխությունից հետո կրակոցների և զոհերի քանակը նվազել է, դա մաթեմատիկա է․ Ալեն Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Ալեն
24News-ը զրուցել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հետ՝ անդրադառնալով շաբաթվա ընթացքում քննարկման առարկա դարձած մի շարք թեմաների։

-Պարո՛ն Սիմոնյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիտում հայտարարեց, թե ամբողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը, և ինքն այդ դիմադրությունը ջարդելու է։ Ի՞նչ նկատի ուներ վարչապետը՝ «ջարդ» ասելով։

-Չեմ կարող ասել, թե ինչ նկատի ուներ Նիկոլ Փաշինյանը, ես ճիշտ հեղինակը չեմ, որպեսզի մեկնաբանեմ այս հայտարարությունը, կառավարության ղեկավարն է կառավարության մասին խոսելիս նշել , որ կոտրելու է դիմադրողականությունը։

-Ի՞նչ եք կարծում, արդյոք վարչապետը նկատի՞ է ունեցել, որ կադրային փոփոխություններ են լինելու։

-Խոսքը ոչ թե կադրային փոփոխություններ կատարելու, այլ տրամաբանության մասին է, որը եղել է նախկինում։

-Ընդդիմախոսները բացասական գնահատական են տվել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հարցազրույցին, որում նշվում էր, թե քննարկվել է «Լավրովյան պլանը»։ Կարծիք կա նաև, որ ներկա իշխանության վարած քաղաքականության հետևանքով մեծացել են պատերազմի ռիսկերը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։

-Անկեղծ ասած, նախ պետք է հասկանալ, թե ովքեր են այդ մեկնաբանություն անողները, հեղափոխությունից հետո կրակոցների և զոհերի քանակը նվազել է, և դա մաթեմատիկա է, այլ ոչ թե մեկնաբանություն։ Կարող եմ ասել, որ ինձ համար աղբյուր կարող է հանդիսանալ միայն իմ երկրի արտաքին գործերի նախարարի հայտարարությունը, մեկնաբանությունը, ոչ թե Մամեդյարովի կամ որևիցե այլ մարդու, առավել ևս՝ ադրբեջանցու մեկնաբանությունը։

Հարցազրույցը՝ Սոնա Գրիգորյանի