Երևանում 26-ամյա քաղաքացին առանց պատճառի մի քանի անգամ կրակել է ոստիկանական մեքենայի վրա

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

ատրճանակ

Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևանում տեղի ունեցած կրակոցների փաստով: Դեկտեմբերի 13-ին, ժամը 08:30-ի սահմաններում Նազաբերկյան թաղամասում կայանված Hyundai ավտոմեքենայի վրա կրակոցներ են արձակել: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Պարզվել է, որ դեկտեմբերի 12-ի ժամը 18:00-ից մինչև դեկտեմբերի 13-ի ժամը 08:00-ն ընկած ժամանակահատվածում դիտավորությամբ կրակել են ՀՀ ոստիկանության հաշվեկշռում հաշվառված Hyundai մակնիշի 449 II 02 ոստիկանական համարանիշներով ավտոմեքենայի վրա՝ վնասելով աջ կողային ապակիները, աջ դիմացի և հետևի անվաթևերը, ինչպես նաև բեռնախցիկի ծածկոցը:

Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ նշված արարքը կատարել է նույն թաղամասի բնակիչ, 26-ամյա Վարդան Ադամյանը: Ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ Վ. Ադամյանը ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մաշտոցի բաժին և խոստովանել, որ արարքը կատարել է ինքը, իր ընկերոջ, հարևան, 29-ամյա Ռոման Խաչատրյանին պատկանող ավտոմեքենայի միջից և նրան պատկանող ատրճանակով, առանց որևէ դրդապատճառի 7 անգամ կրակոց է արձակել ոստիկանական ավտոմեքենայի վրա:

Բարեբախտաբար, կրակոցների արդյունքում տուժածներ չկան: Աղբյուրի տեղեկություններով` ոստիկանները հայտնաբերել են նաև «Մակարով» տիպի ատրճանակը: