«Պետք չէ լուրջ ընդունել»․ Պոլսո պատրիարքը քննադատել է Սենատի՝ Հայոց ցեղասպանության բանաձևը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

սահակ

Թուրքական «Սաբահ» թերթի հետ զրույցում Սահակ Բ Մաշալյանն ԱՄՆ-ի Սենատի կողմից ընդունված բանաձևը որակել է «անբարոյական քայլ»: 

«Նման բաները պետք չէ լուրջ ընդունել։ Ոչինչ չկա, որ ուղղակիորեն վերաբերում է մեզ, որում մենք պետք է ներգրավված լինենք»,- ասել է Մաշալյանը՝ ԱՄՆ Սենատի կողմից միաձայն ընդունված՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վերաբերյալ:

«Որպես հայ՝ մենք վշտացած ենք, որ տառապանքը, որ տեղի է ունեցել այս հողերում 100 տարի առաջ, օգտագործվում է օտար երկրների խորհրդարանների կողմից որպես ռազմավարական, տնտեսական և քաղաքական ճնշման գործիք։ Մենք դա անպատեհ ենք համարում մեր նախնիների նկատմամբ»,- ասել է Պոլսո հայոց պատրիարքը, ապա հույս հայտնել, որ Թուրքիայի ժողովուրդն իրենով կկարողանա լուծել այս հարցը, և Թուրքիան ու Հայաստանը կկարողանան բարելավել հարաբերությունները։ 

«Երբ 2 կողմերը չեն կարող խոսել, խոսելու իրավունքի են հավակնում 3-րդ կողմերը, 4-րդ կողմերը, նրանք, ովքեր արտասահմանում են,- ասել է պատրիարքը և հավելել. «Այդ բոլոր հարցերը մենք պետք է լուծենք։ Բայց քանի որ դա հետաձգվում է, այն օգտագործվում է որպես լծակ Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար: Չեմ կարծում, որ այնքան էլ բարոյական է Հայկական հարցը Թուրքիայի դեմ որպես քաղաքական գործիք օգտագործելը։ Ես քաղաքական գործիչ չեմ, սա մեկնաբանելը քաղաքագետների գործն է»,-ասել է Մաշալյանը:

Ավելի վաղ՝ դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Սենատը միաձայն վավերացրել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Բանաձևի ընդունումից առաջ Թուրքիայի դեմ նաև պատժամիջոցներ սահմանվեց։