Բրեստում հանդիպել են Հայաստանի, Բելառուսի և ՌԴ-ի քննչական կոմիտեների նախագահները

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

1

2019 թվականի դեկտեմբերի 11-ից 14-ը ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվել է Բելառուսի Հանրապետությունում։

Այցի շրջանակներում Բրեստ քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեների նախագահների աշխատանքային հանդիպումը, որի հիմնական նպատակը հանդիսացել է Բրեստ քաղաքում կազմակերպված միջազգային կլոր սեղան-քննարկումը՝ նվիրված նախաքննություն իրականացնող մարմինների կադրերի պատրաստմանը և հանցագործությունների կանխմանն ուղղված քրեադատավարական միջոցառումների վերաբերյալ արդի հարցերին։ Կլոր սեղան քննարկման ժամանակ ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը և ընդգծել, որ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գործունեության ամենասկզբից, Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի և Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեի հարաբերությունները կրել են վստահելի և կառուցողական բնույթ, ինչը հաստատվում է Հայաստանի, Բելառուսի և Ռուսաստանի քննչական կոմիտեների միջազգային-իրավական արդյունավետ համագործակցությամբ:
 

«Այսօր կարելի է վստահորեն խոսել հանցավորության հակազդման ոլորտում մեր գերատեսչությունների միջև նպատակաուղղված և բազմակողմանի փոխգործակցության շարունակականության մասին: Այս կլոր սեղանի աշխատանքի ընթացքում նախատեսված են և քննարկման են ենթակա նախաքննության մարմինների աշխատակիցների մասնագիտական ուսուցման կազմակերպման և ապահովման արդիական հարցերը և քննչական պրոֆիլակտիկայի հարցերը՝ որպես քրեագիտական գործունեության հեռանկարային ուղղություն: Վստահ եմ, որ կարծիքների, տեղեկատվության, ինչպես նաև կուտակված փորձի փոխանակումը կնպաստի մինչդատական վարույթի արդյունավետության բարձրացմանը, իսկ համատեղ աշխատանքին վերաբերվող առաջարկություններն ու արդյունքները կլինեն օգտակար և նպատակաուղղված մեր երկրների քննչական կոմիտեների իրավակիրառ պրակտիկայի կատարելագործմանը:
 

Հասարակության սոցիալական բարեկեցությունը, որը հիմնվում է օրենքի և արդարության հաղթանակի վրա, ապահովվում է քննիչների պրոֆեսիոնալիզմով, որոնց ծառայողական պարտքի մանրակրկիտ կատարումից է կախված մարդու իրավական անվտանգության մակարդակը և կատարված հանցագործությունների համար պատժի անխուսափելիությունը: Այդ իսկ պատճառով կլոր սեղանի քննարկմանը ներկայացված թեմաները արդիական են և շատ կարևոր»,- ընդգծեց ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը:
 

Կլոր սեղան-քննարկմանը զեկույցներով հանդես են եկել ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչության պետի պաշտոնակատար Ռաֆայել Վարդանյանը և Կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության պետ  Ռոբերտ Ադիլխանյանը, քննարկվել են իրավակիրառ պրակտիկայի մի շարք հարցեր։

Նշենք, որ կլոր սեղան-քննարկումը հրավիրվել է քննչական կոմիտեների նախագահների միջև նախկինում կնքված համաձայնագրերի շրջանակներում և ուղղված է միջգերատեսչական համագործակցության ամրապնդմանն ու արդյունավետության բարձրացմանը։

Այցի շրջանակներում երեք պետությունների քննչական կոմիտեների պատվիրակությունների անդամներն այցելել են Մինսկի մերձակա Բելովեժսկյան անտառ արգելոց և Բրեստի ամրոց հուշահամալիր, որտեղ կոմիտեների նախագահները ծաղկեպսակ են դրել անմար կրակի մոտ՝ ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմում բազմամիլիոն զոհվածների:

Կլոր սեղան-քննարկման ավարտին երեք երկրների քննչական կոմիտեների նախագահները պատասխանել են զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հարցերին:

1
1

 

բակո