ՀՀ-ն 2019-ին արձանագրված տնտեսական աճի ցուցանիշներով կլինի աշխարհի 15 առաջատարների թվում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

Հայաստանը 2019 թվականին արձանագրված տնտեսական աճի ցուցանիշներով կլինի աշխարհի առաջատար 15 պետությունների թվում: Այդ մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ գործարարների պատվին Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ կազմակերպված ընդունելությանը: 

«Այսօրվա Ամանորյա մեր հանդիպումը ես ուզում եմ սկսել եթե կարելի է այսպես ասել ընդդիմադիր հարձակումից: Իսկ ի՞նչ եղավ կամ եղա՞վ արդյոք տնտեսական հեղափոխությունը, որի մասին ես խոսում էի այս տարվա մեկնարկին: 11 ամիսների արդյունքներով Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է 7,5 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ և մենք ամենապահպանողական սցենարով 7 տոկոսից ավելի տնտեսական աճ կունենանք:

Սա թիվ մեկ ցուցանիշն է մեր տարածաշրջանում, ընդ որում տարածաշրջան ասելով նկատի ունեմ ոչ միայն Հարավային Կովկասը, այլև ավելի լայն տարածաշրջանը: Սա թիվ մեկ ցուցանիշն է Եվրասիական տնտեսական միությունում ակնհայտ առավելությամբ և սա թիվ մեկ ցուցանիշն է ԱՊՀ-ում: Այս տարվա առաջին եռամսյակի ցուցանիշներով մենք առաջինն էինք Եվրոպայում տնտեսական աճի ցուցանիշներով, մեծ հավանականությամբ մենք եթե ոչ առաջինը, ապա առաջիններից մեկը կլինենք Եվրոպայում և վստահաբար, եթե ոչ առաջին տասնյակի, ապա առաջին 15 երկրների մեջ կլինենք աշխարհի մակարդակով 2019 թվականին արձանագրված տնտեսական աճի ցուցանիշներով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս ամենն ասում է՝ գործարարներին  շնորհակալություն հայտնելու՝ այս արդյունքներն արձանագրելու համար, որովհետև նրա խոսքով, սովորաբար տնտեսական աճի լավ ցուցանիշներով պարծենում են կառավարությունները, բայց ճշմարտությունը մեկն է, որ այդ ցուցանիշները ստեղծում են, կերտում են գործարար համայնքի ներկայացուցիչները: «Եվ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ մեր երկրի համար այսպիսի բարձր նշաձող սահմանելու համար և ուզում եմ հույս հայտնել, որ այս տարի ձեր արձանագրած հաջողությունները 2020 թվականին ավելի կոգևորեն և նոր ցուցանիշների կբարձրացնեն մեր երկիրը, մեր երկրի տնտեսությունը»,- նշեց կառավարության ղեկավարը: