Համբերությունը սեր է, ներողություն եմ խնդրում երեկվա վատ օրինակի համար. Հռոմի պապ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 3, 24News

 

 

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ներողություն է խնդրել նախօրեի իր վարքագծի համար, երբ կորցրել է համբերությունը եւ հարվածել մի չափազանց ակտիվ ուխտավոր կնոջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Համբերությունը սեր է։ Երբեմն մենք կորցնում ենք համբերությունը, ինչպես ես երեկ։ Եւ այսօր ես ներողություն եմ խնդրում երեկվա վատ օրինակի համար»,- ասել է պոնտիֆիկը՝ ավանդական քարոզով դիմելով հավատացյալներին, որոնք Նոր տարվա կապակցությամբ հավաքվել էին Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակում։

Նշենք, որ երեքշաբթի Պապը դուրս էր եկել հրապարակ, որպեսզի տեսնի տոնածառի տակ դրված մսուրները եւ ողջունի հավատացյալներին։ Նա սովորականի պես սեղմել է ներկաների ձեռքերը եւ երբ պատրաստվել է վերադառնալ, ուխտավոր կանանցից մեկն անսպասելի բռնել է նրա աջ ձեռքը եւ քաշել դեպի իրեն։ Այդ պահին Պապի մշտապես բարեհամբույր դեմքին զայրույթ է արտացոլվել, եւ նա հարվածել է կնոջ ձեռքին։