«Մեր երկրում փոքրամասնություն կարող ենք դառնալ». ահազանգում է թուրք պատգամավորը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 18, 24News

Thumbnail

Մոտ ապագայում թուրք ազգը Թուրքիայում կարող է փոքրամասնության կարգավիճակում հայտնվել։ Նման մտահոգություն է հայտնել Թուրքիայի «İyi» կուսակցության՝ խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Լյութֆու Թուրքքանը. գրում է ermenihaber.am-ը:

Խոսելով երկրի ժողովրդագրական պատկերի մասին՝ Թուրքքանն ասել է․ «Այսօր երկրում յուրաքանչյուր 20 քաղաքացուց մեկը սիրիացի է։ Կան հաշվարկներ, որ 2023-ին սիրիացի կլինի արդեն ամեն 13 քաղաքացուց մեկը։ Եթե այսպես շարունակվի, ապա շուտով մեր ժողովուրդը սեփական հողում փոքրամասնություն կդառնա»։

Պատգամավորը նշել է, որ պաշտոնական տվյալների համաձայն՝ Թուրքիայում բնակվում է 3․6մլն սիրիացի փախստական, իսկ ոչ պաշտոնական տվյալներով այդ թիվը կազմում է 4մլն։

«Սիրիացի փախստականների հարցում Թուրքիայի վարած սխալ քաղաքականության հետևանքով, ըստ որոշ հաշվարկների, 2040թ․ նրանց թիվը կհասնի 7․5 միլիոնի», - հավելել է Թուրքքանը։

Նաև նշել է, որ պաշտոնական տվյալների համաձայն՝ Թուրքիան մինչ օրս սիրիացի փախստականների համար շուրջ 35մլրդ դոլար է ծախսել։ Մինչդեռ, ըստ թուրք պատգամավորի, այդ գումարները բավարար կլինեին թուրք ժողովրդի համար տասնյակ հիվանդանոցներ, դպրոցներ, կամուրջներ կառուցելու և այլ հանրօգուտ նախագծեր իրականացնելու համար։