Մանվել Գրիգորյանի քաղցկեղը սրացել է, շաքարը՝ բարձրացել. նա վերակենդանացման բաժանմունքում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24News

«Երեկվա համեմատ Մանվել Գրիգորյանն այսօր ավելի վատ է»։ Այդ մասին 24News-ին ասել է ԵԿՄ նախկին նախագահի պաշտպան Արսեն Մկրտչյանը՝ տեղեկացնելով, որ այս պահին նա վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել։  

«Սա այն դեպքն է, երբ անընդհատ ասում ենք, որ հիվանդությունները բացասական դինամիկա են տալիս կալանքի տակ գտնվելու պատճառով, որովհետև մեր պաշտպանյալը բավարար չափով արև չի տեսնում, հնարավորություն չունի հասարակ զբոսանքներ ստանալու, դրա պատճառով բացասական դինամիկա են ստանում այն հիվանդությունները, որոնք նախկինում չեն անհանգստացրել, օրինակ՝ սրտի հետ կապված հիվանդությունները, սրանում է քաղցկեղ ասածը, շնչառության պրոբլեմ է առաջանում, դրանց գումարած՝ շաքարը բարձրացած վիճակում տալիս են էն էֆեկտը, որ, փառք Աստծո, մենք այսօր չենք արձանագրում ամենատխուր, ամենավատ հետևանքը»,-ասել է պաշտպանը։

Արսեն Մկրտչյանը նաև նշել է, որ եթե առողջության վատթարացումը տեղի ունենար «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, կունանայինք ավարտված մի պատմություն։

Ըստ պաշտպանի՝ Եվրոպական դատարանի կողմից պետությանը պարտադրելու արդյունքում է, որ Մանվել Գրիգորյանն այս պահին հիվանդանոցում է․ «Դրա շնորհիվ ունենք այն, որ այսօր իր կյանքը չընդհատվեց»։

Պաշտպանը նաև նշել է, որ նրա առողջական վիճակը կալանքի պատճառով ավելի է վատանում․ «Պրոգրեսիա են ապրում այն հիվանդությունները, որոնք նախկինում չեն անհանգստացրել»։