Հրազդանում ազատ տնտեսական գոտի կստեղծվի․ ստորագրվել է պայմանագիր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 19, 24News

Thumbnail

Հրազդանում ազատ տնտեսական գոտի է ստեղծվել: Այս մասին հայտնում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության լրատվական ծառայությունը։

Նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը և «Էկոս» ՓԲԸ- ի գլխավոր տնօրեն Զարմինե Զեյթունցյանը հոկտեմբերի 18-ին պայմանագիր են ստորագրել Հրազդանում ստեղծված ազատ տնտեսական գոտու կազմակերպման մասին։

Փաստաթղթով սահմանվում են ԱՏԳ-ի կազմակերպչի գործառույթները, պարտականությունները, ինչպես նաև պետության  հետ փոխհարաբերությունները:

Հրազդանում տեղակայված ազատ տնտեսական գոտու գործունեությունն ուղղված է երկրում բարձր տեխնոլոգիաների զարգացմանը։ Հրազդանի ԱՏԳ կազմակերպիչն է ECOS ընկերությունը։ ԱՏԳ-ի հիման վրա ստեղծվում է յուրահատուկ էկոհամակարգ, որտեղ գործելու են մի շարք ենթակառուցվածքային ծառայություններ՝ կրթական-հաղորդակցական նախագծերից, հետազոտական լաբորատորիաներից մինչև էլեկտրոնային հարթակներ՝ նոր ձևավորվող նախագծերում ներդրումներ ներգրավելու նպատակով։

ԱՏԳ շրջանակում Հրազդան ՀԷԿ-ի հիման վրա ստեղծվելու է ECOS արդյունաբերական մայնինգ կենտրոնը, որը դառնալու է ինովացիոն ստարտափների համար նախատեսված տեխնոլոգիական կլաստերի մի մասը, ինչպես նաև ԱՏԳ-ի համար ծառայելու է որպես տվյալների պահպանման կենտրոն։

ECOS-ն ինովացիոն էկոհամակարգ է, որի կազմի մեջ են մտնում տվյալների կենտրոններ, արդյունաբերական մայնինգ կոնտրոններ, վենչուրային հիմնադրամ, ինովացիաների մշակման համար ստեղծված հետազոտական լաբորատորիա, կրթական հարթակ, աքսելերացիոն ծրագրեր և «Հայկական բլոքչեյն համաժողով» տեղեկատվական-կրթական ֆորումը։

ECOS նախագծի նպատակն է բարենպաստ պայմաններ ստեղծել բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանում գործող այնպիսի կազմակերպությունների համար, որոնք թողարկում են արտահանմանն ուղղված արտադրանք։