Ալավերդու պղնձաձուլարանի փակումը թույլատրելի չէ, 650 աշխատակից կմնա առանց հացի․ Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 19, 24News

Thumbnail

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը Ալավերդու պղնձաձուլարանի փակման առիթով նամակ է գրել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։ Նամակում ասվում է.

«Հարգելի՛ պարոն Վարչապետ,

Հայտնի է, որ Ալավերդի քաղաքը ստեղծվել է որպես պղնձաձուլական կենտրոն և առնվազն վերջին 2,5 հարուրամյակի ընթացքում եղել է մեր երկրի հանքարդույնաբերության կենտրոններից մեկը: Ալավերդու բնակիչների հիմնական մասի ապրուստը ուղղակիորեն կապված է եղել Ալավերդու պղնձաձուլական կոմբինատի հետ: Այսօր Ալավերդու պղնձաձուլական գործարանի շուրջ 650 աշխատակիցներ փաստացի կանգնած են իրենց ընտանիքների հանապազօրյա հացը վաստակելու վտանգի առջև:

Այսօրվանից տեխնիկապես չի աշխատում Ալավերդու պղնձաձուլական գործարանը:

Որպես ալավերդցի` կոչ եմ անում Ձեզ, հանձնարարել` անել հնարավորինն ու անհնարինը, որպեսզի Ալավերդու պղնձաձուլարանը շարունակի աշխատել: Հակառակ պարագայում 650 ընտանիք կարող են բռնել արտագաղթի ճամփան: Պատրաստ եմ ուժերիս ներածին չափով փորձել օժանդակել կառավարությանը խուսափելու գործարանի վերջնական փակումից: 

Ալավերդու պղնձաձուլարանի փակումը անթույլատրելի է և հղի է լուրջ հետևանքներով: Այս պայքարում ես լինելու եմ  իմ համաքաղաքացիների կողքին»,-գրել է Շարմազանովը:

Հիշեցնենք, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանն այսօրվանից տեխնիկապես չի աշխատում: Գործարանի աշխատակիցները՝ ի նշան բողոքի, փակել են Ալավերդու միջպետական ճանապարհը: