Ֆելիքս Ցոլակյանը ներկայացրեց արտակարգ իրավիճակների նորանշանակ փոխնախարարին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 19, 24News

Thumbnail

Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանն այսօր՝ հոկտեմբերի 19-ին, անցկացրեց ընդլայնված խորհրդակցություն, որին մասնակցեց նախարարության ղեկավար կազմը։ Այդ մասին տեղեկացնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը։

Գերատեսչության ղեկավարը, շնորհակալություն հայտնելով փոխնախարար Արամ Թանքարյանին նախարարի տեղակալի պաշտոնում կատարած աշխատանքի համար, հույս հայտնեց, որ նա ըմբռնումով կմոտենա կադրային փոփոխությանը: Ֆելիքս Ցոլակյանը ներկայացրեց նորանշանակ փոխնախարար Արմեն Հարությունյանին՝ նշելով, որ նա դասավանդում է Հայ-ռուսական համալսարանում, գիտությունների թեկնածու է, և հույս հայտնեց, որ Հարությունյանը կարևոր ներդրում կունենա իր համակարգման ոլորտում:

Անդրադառնալով ԱԻ նախարարության համակարգում աշխատանքային կարգապահության պահպանման հարցին՝  Ֆելիքս Ցոլակյանը ևս մեկ անգամ շեշտեց դրա կարևորությունը: Նախարարի պաշտոնակատարն ընդգծեց նաև գերատեսչության կադրային ճիշտ քաղաքականություն վարելու անհրաժեշտությունը՝ մասնավորապես շեշտելով ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ակադեմիայի շրջանավարտների՝ աշխատանքի ընդունման առաջնայնությունը:

«Կարևորում եմ փրկարարների վերապատրաստման հարցը: Թերի պատրաստված փրկարարները կարող են էլ ավելի բարդացնել ծագած արտակարգ իրավիճակը, ուստի՝ հանձնարարում եմ մեծ ուշադրություն դարձնել փրկարարների մասնագիտական պատրաստականությանը»,- ասաց Ցոլակյանը:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ նախարարը մի շարք հանձնարարականներ տվեց գլխավոր քարտուղարին, փոխնախարարներին և առանձին ստորաբաժանումների ղեկավարներին: