Գաղտնալսման գործով զննության է ենթարկվել ՀՔԾ պետի բջջային հեռախոսը․ ՔԿ պարզաբանում

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 17, 24News       

Սասուն Խաչատրյան

«Ժողովուրդ» օրաթերթում այսօր հրապարակված «ՀՔԾ պետը հրաժարվել է տալ իր հեռախոսը» վերտառությամբ հոդվածի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանում է ներկայացրել։ 

«ԱԱԾ նախկին տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցություններն ապօրինի գաղտնալսելու և համացանցով տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով զննության է ենթարկվել նաև ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի բջջային հեռախոսը:

Միևնույն ժամանակ, հարկ ենք համարում տեղեկացնել, որ հիշյալ քրեական գործով ձեռք բերված այլ տվյալներ հրապարակման ենթակա չեն և հանդիսանում են նախաքննական գաղտնիք:

«Ժողովուրդ» օրաթերթի մեր գործընկերներին հորդորում ենք զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հրապարակելուց»:

Հիշեցնենք, որ ՀՀ ՔԿ-ում քննվում է 2018թ. սեպտեմբերի 11-ին և դեկտեմբերի 5-ին համացանցում տարածված՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արթուր Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի ու Արթուր Վանեցյանի միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումները։

ՀՀ Քննչական կոմիտեում քննվում է նաև ԱԱԾ նախկին տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցությունները ապօրինի գաղտնալսելու և համացանցով տարածելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասով, 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով հարուցված և քննվող քրեական գործը, որի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցաքննվել է որպես տուժող՝ ապօրինի գաղտնալսում և ձայնագրառումն իրականացնելու ու տեսանյութը համացանցում տարածելու արդյունքում իր իրավունքների և օրինական շահերի խախտման և գործի համար հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հանգամանքների շուրջ: