Սպիտակ վագրը Գագիկ Ծառուկյանինը չէ, նվիրել է մեզ․ «Zoo Fauna Art»-ի տնօրեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

Գագիկ

«Zoo Fauna Art» ընկերության տնօրեն Արթուր Խաչատրյանը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ վագրը, որի լուսանկարները վերջին մի քանի օրերի ընթացքում շրջանառվում է համացանցում, պատկանում են իրեն։

«Երեկվանից համացանցում տարածվում է մի լուսանկար, որտեղ մի աղջիկ է՝ սպիտակ վագրի հետ, և հայտարարվում է, որ այդ կենդանին պատկանում է Գագիկ Ծառուկյանին։

Պաշտոնապես հերքում եմ այս ապատեղեկատվությունը և ի գիտություն, ի լուր բոլորի՝ հայտարարում եմ, որ  լուսանկարի սպիտակ վագրը պատկանում է «Zoo Fauna Art» ընկերությանը, որի տնօրենն եմ հանդիսանում։

Քանի որ Հայաստանում առաջին անգամ ծնվել էր սպիտակ առյուծ և սպիտակ վագր, իսկ մեր ընկերությունը զբաղվում է կենդանիների բուծմամբ, և հանդիսանում է կարանտինային և փրկարարական կենտրոն, Գագիկ Ծառուկյանը, ում հետ ունենք ջերմ հարաբերություններ, այդ կենդանիներին նվիրել է մեզ։

Այս պահին էլ կառուցում ենք միջազգային չափորոշիչներին համապատասխանող կենդանաբանական այգի, և ուրախ ենք, որ առաջին անգամ մեր երկրում ծնված միակ սպիտակ առյուծը և վագրը իրենց արժանի տեղն են գտնելու այնտեղ։

Եվս մեկ անգամ հորդորում եմ ապատեղեկատվություն չտարածել։ Վերոնշյալ լուսանկարը արվել է մեր կենտրոնի տարածքում, որտեղ, մարդիկ, ովքեր տեղյակ են այս արտառոց իրադարձության մասին, ցանկություն են հայտնում տեսնել այդ կենդանիներին և, ինչու չէ, նաև լուսանկարվել»։
 
Ավելի վաղ EcoNews.am-ը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ Հայաստանում անազատության մեջ պահվող վայրի կենդանիները շարունակվում են օգտագործվել որպես զվարճանքի միջոց, քանի որ բացակայում են խիստ կարգավորող իրավական նորմերը եւ չկա պատշաճ վերահսկողություն խնդրի նկատմամբ: