Եթե Գեորգի Կուտոյանի հետ մտերիմ չլինեի, դեպքի վայրում չէի լինի․ Ռուբեն Մելիքյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News

հասարակական

Հունվարի 17-ին ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի վայր էր այցելել «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը։ Դեպքի վայրը լքելուց առաջ, սակայն, Մելիքյանը հրաժարվել էր պատասխանել լրագրողների հարցերին։ 24News-ը թեմայի շրջանակներում զրուցել է Ռուբեն Մելիքյանի հետ։ 

«Քննչական գործողություններ էին ընթանում, որևէ մեկն իրավունք չուներ այդ գործողություններին մասնակցելու։ Սխալ տպավորություն է եղել, թե դեպքի վայրում գտնվող մարդիկ բնակարան են բարձրացել, իսկ ոստիկանության ներկայացուցիչն երեկ ներկայացրեց, որ բնակարան բարձրացել են Կուտոյանի հարազատները», - ասաց Մելիքյանը։ 

Այն հարցին, թե արդյոք մտերիմ եղե՞լ է Կուտոյանի հետ, Ռուբեն Մելիքյանը միայն պատասխանեց՝ «Եթե մտերմություն չլիներ, այնտեղ չէի լինի»։ Մեր մյուս հարցերին Մելիքյանը հրաժարվեց պատասխանել։ 

Հիշեցնենք, որ Երևանի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հունվարի 17-ին հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով։ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ Կուտոյանի դին հայտնաբերել է կինը։ 

Նշենք, որ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը)։

Սոնա Գրիգորյան