Տաթևիկ Ռևազյանը սրճարանում աշխատած գումարը կրկնապատկել է՝ ուղղելով 6-ամյա երեխայի բուժմանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News

հասարակական

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը սրճարանում բարեգործական նպատակով որպես մատուցողուհի աշխատելու ընթացքում հավաքած գումարը կրկնապատկել է: Տաթևիկ Ռևազյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում մանրամասներ է ներկայացրել գումարի հավաքագրման գործընթացից: Գումարն ուղղվել է 6-ամյա Տիգրան Ամիրխանյանի բուժմանը, ով պայքարում է քաղցկեղի դեմ: Տիգրանի բուժմանն ուղղվել է 700.000 դրամ:

«Տարիներ շարունակ ես մեծ սիրով ներգրավված եմ եղել կամավորական աշխատանքներում ստանալով գերագույն հաճույք իմ աշխատանքից և առաջարկում եմ բոլորին նույնպես կամավորական գործունեություն ծավալել: Ինչպես գիտեք, երեկ ես աշխատել եմ որպես մատուցող Երևանի կենտրոնում գտնվող «ROOMZ» սրճարանում: «Մենք ենք» հիմնադրամի կողմից կազմակերպված ակցիայի նպատակն էր ստացված թեյավճարներն ուղղել 6-ամյա Տիգրան Ամիրխանյանի բուժմանը: Բարեգործական ակցիայի շրջանակներում հաջողվել է հավաքել 335.000 դրամ։ Նաև նշեմ, որ 2019 թվականին լուսանկարիչ Վաղինակ Ղազարյանը մասնակցել է «Թվապատում 2019» լրագրողական մրցույթին և «Homo Agendi (Գործող անձ)» գլխավոր անվանակարգում լավագույնը ճանաչվել «Տաթևիկ» նյութի համար։ Տվյալ մրցույթի շրջանակներում «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն»-ը ինձ շնորհել է 300.000 դրամ, որն իմ ցանկությամբ նույնպես ուղղվել է Տիգրան Ամիրխանյանի բուժմանը»,-նշել է Տաթևիկ Ռևազյանը:

Տաթևիկ Ռևազյանը հավելյալ 65.000 դրամ է ուղղում Տիգրանի բուժմանը որպես անձնական օժանդակություն: Նա տեղեկացրել է, որ 6-ամյա Տիգրան Ամիրխանյանի բուժման ծախսերի համար պահանջվում է առավելագույնը 3.000 ԱՄՆ դոլար: Ներկայում հաջողվել է հավաքել 700.000 դրամ:

«Այն մարդիկ, ովքեր ցանկանում են օժանդակել փոքրիկ Տիգրանի բուժմանը, կարող են գումարներ փոխանցել «Մենք ենք» բարեգործական, սոցիալական հիմնադրամին: Գումար փոխանցելուց անհրաժեշտ է նշել նպատակը՝ «Գումարի փոխանցում Տիգրան Ամիրխանյանի բուժմանը»: Տիգրանի բուժման ամբողջ ծախսերը ամբողջապես հոգալու դեպքում հավելյալ գումարը կփոխանցվի այլ փոքրիկների բուժմանը»,-հավելել է Տաթևիկ Ռևազյանը։