Հովհաննես Ազոյանի մասնակցությամբ միջադեպի գործով մեղադրանք է առաջադրվել 31-ամյա երիտասարդի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News

1

Հունվարի 3-ին Հրազդանի կիրճում դերասան Հովհաննես Ազոյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի գործով մեղադրանք է առաջադրվել 31-ամյա երիտասարդի։

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան տեղեկացրին Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից` նշելով, որ մեղադրանքն առաջադրվել է ՀՀ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 2-րդ մասով (անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով՝ խուլիգանությունը)։

Երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Ավելի վաղ հայտնել ենք, որ նույն քրեական գործով Հովհաննես Ազոյանը տուժող է ճանաչվել։

Հիշեցնենք՝ հունվարի լույս 3-ի գիշերը Ոստիկանությունը հայտնել էր, որ Մալաթիայի բաժնում ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում մի տղամարդ հարվածներ է հասցրել դերասան Հովհաննես Ազոյանին։ Ոստիկանության ծառայողները պարզել էին Ազոյանին հարվածներ հասցրած անձի ինքնությունը, որը կատարվածի վերաբերյալ տվել էր բացատրություն։ Նախապատրաստված նյութերի հիման վրա ոստիկանության Մալաթիայի բաժնում հարուցվել էր քրեական գործ` խուլիգանության հատկանիշներով: