13 տնտեսվարողի նկատմամբ վարույթ է հարուցվել․ մեղքի բաժին ունեն նաև պետական մարմինները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 19, 24News

Thumbnail

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը 13 տնտեսվարողների նկատմամբ վարույթ է հարուցել` անբարեխիղճ մրցակցային գործունեություն իրականացնելու համար: Այս մասին ՏՄՊՊՀ-ի նիստում հայտնել է հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:

«Հիմնականում ուսումնասիրել ենք սննդամթերքի այն տեսակները, որոնք պետական գնումների մեջ արժեքային արտահայտությամբ մեծ ծավալ են կազմում: Խոսքն, առաջին հերթին, վերաբերում է կաթնամթերքի տեսակներին:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ տնտեսվարողները մրցույթի ժամանակ շահում են մեկ ապրանքի մրցույթը, սակայն մատակարարում են մեկ այլ ապրանք: Օրինակ` կարագի փոխարեն մատակարարել են սփրեդ, թթվասերի, խտացրած կաթի, կաթնաշոռի փոխարեն մատակարարել են կաթ պարունակող մթերք և այլն: Առաջին հայացքից՝ այս ապրանքները դժվար է իրարից տարբերել: Արտաքին տեսքով, համով, հոտով իրար շատ նման են, սակայն դրանք որակապես տարբեր ապրանքներ են համարվում, քանի որ այդ ապրանքները բուսական յուղ են պարունակում, նաև՝ բուսական յուղ պարունակող ապրանքները 2-3 անգամ ավելի էժան են կենդանական յուղ պարունակող ապրանքներից:

Ուսումնասիրության արդյունքում հանձնաժողովը բացահայտել է 13 տնտեսվարողների, որոնք պետական գնումների ժամանակ շահել են մեկ ապրանքի մրցույթ, սակայն մատակարարել են մեկ այլ ապրանք՝ այսպիսով իրականացնելով անբարեխիղճ մրցակցային գործունեություն»,- ասել է Շաբոյանը և նշել, որ անբարեխիղճ մրցակցային գործունեություն իրականացրած բոլոր տնտեսվարողների նկատմամբ վարույթ է հարուցվել: 

Ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ եղել են դեպքեր, երբ խախտումների մեջ իրենց մեղքի բաժինն ունեցել են նաև պետական պաշտոնյաները:

«Բազմաթիվ դեպքեր ենք բացահայտել, որ իրենց մեղքի բաժինն ունեն նաև պետական մարմինները, մասնավորապես, այն պետական պաշտոնյաները, որոնք ներգրավված են եղել պետական գնումների գործընթացում, որովհետև բավականին շատ դեպքեր ենք բացահայտել, երբ փաստաթղթերից, ապրանքների պիտակի վրայից ակնհայտ երևում է, որ դրանք բուսական յուղ պարունակող ապրանքներ են: Հետևաբար, եթե պետական պաշտոնյաներն ավելի ուշադիր լինեին, այս երևույթները կարող էին կանխվել»,-ասել է հանձնաժողովի նախագահը:

Այն տնտեսվարողները, որոնք նախկինում էլ են նույն իրավախախտումը կատարել, դրանց նկատմամբ հանձնաժողովը կիրառել է ֆինանսական տուգանքներ` 3-15 մլն դրամի չափով: Մյուս 9 տնտեսվարողները, որոնք առաջին անգամ էին նույն իրավախախտումը կատարում, նրանց նկատմամբ մեղմ մոտեցում է դրսևորվել և պատասխանատվության միջոց է կիրառվել նախազգուշացումը:

Ֆինանսական պատժամիջոցներ են կիրառվել հետևյալ ընկերությունների նկատմամբ.

«Արմեն–Համիկ եղբայրներ ՀՁ» ՍՊԸ-ի հանդեպ կիրառվել է տուգանք՝ 15 մլն դրամի չափով,

«Մակրո Ֆուդ» ՍՊԸ –ի հանդեպ կիրառվել է տուգանք՝ 10 մլն դրամի չափով,

«ԽԱՔ» ՍՊԸ-ն տուգանվել է 5 մլն դրամի չափով,

«Սվետա» ՍՊԸ–ն տուգանվել է 3 մլն դրամի չափով:

Նախազգուշացում է տրվել հետևյալ ընկերություններին՝ «Արմինաշող» ՍՊԸ, «Բիզնես Թրենդ» ՍՊԸ, «Գալիմա» ՍՊԸ, «Դիետ» ՍՊԸ, «Իգիթ» ՍՊԸ, «Ֆոտոն», «Արա-Արեգ», «Սպարապետ» և «Արաս Ֆուդ»: