Փաստն այն է, որ վարչապետն իր ցավակցական խոսքը հղել է․ Մակունց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

1

«Շատ սարսափելի բան է տեղի ունեցել, որից ազդվել ենք բոլորս», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ իր ցավակցությունը հայտնելով ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ:

Անդրադառնալով Կուտոյանի մահից հետո ֆեյսբուքյան գրառումներին, այդ թվում գրառմանը, որտեղ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մասին գրում են՝ «հաջորդը դու ես», Մակունցն ասաց. «Մեջբերումը որ արեցիք, ինձ համար էլ ավելի զարմանալի էր, թե ովքեր են նշում՝ հաջորդը ով է: Մասնավորապես, այն անձինք, որոնք շատ մտերիմ աշխատել են: Ինձ համար ցանկացած նման ձեւակերպում, մեկնաբանություն ընդունելի լինել չեն կարող: Բոլորը պետք է զսպվածություն ցուցաբերեն այս առումով: Յուրաքանչյուրս ունենք պատասխանատվության մեր մասնաբաժինը, որպեսզի լինի այնպիսի մթնոլորտ, որտեղ կարեւոր լինի աշխատանքային բովանդակությունը, ոչ թե վիրավորանքները եւ ողջամտության սահմաններից դուրս մեկնաբանությունները»։

Անդրադառնալով Կուտոյանի թաղման արարողությանը վարչապետի բացակայությանը՝ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարվը նշեց, որ վարչապետը ցավակցական խոսք հղել է Կուտոյանների ընտանիքին, իշխանության տարբեր ներկայացուցիչներ ներկա գտնվել են Կուտոյանի հրաժեշտի արարողությանը:

«Այն անձինք, այդ թվում վարչապետը, որոնք չեն մասնակցել, չեմ կարծում, որ դա տեղին է, որ շահարկման առարկա դառնա»,-նկատեց նա:

Հարցին, թե ինչու է վարչապետը ցավակցել է այն ժամանակ, երբ կայքերից մեկը դիմել է վարչապետի աշխատակազմ եւ հետաքրքրվել, թե ինչու վարչապետը չի ցավակցել, Մակունցն ասաց, որ խրոնոլոգիային չի հետեւել.

«Չեմ կարծում, որ դա էական է: Փաստն այն է, որ վարչապետն իր ցավակցական խոսքը հղել է»: