Վենետիկի հանձնաժողովը՝ ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 19, 24News

Thumbnail

Վենետիկի հանձնաժողովն արձանագրել է, որ Հայաստանում ստեղծվել է առանձնահատուկ իրավիճակ, և նման պայմաններում, եթե առկա է երկրի քաղաքական ուժերի համաձայնությունը Ընտրական օրենսգիրքը փոխելու վերաբերյալ, Վենետիկի հանձնաժողովը չի խոչընդոտելու երկրի կայուն զարգացման գործընթացին:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունը:

ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը Վենետիկի հանձնաժողովին է ներկայացրել ՀՀ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների ընթացքը և օրենսգրքի առաջարկվող հիմնական փոփոխությունները։

Առաջին փոխվարչապետի պաշտոնակատարը նաև կիսվել է Հայաստանում ընթացող քաղաքական զարգացումների վերաբերյալ տեղեկատվությամբ, հանձնաժողովին տեղեկացրել վարչապետի հրաժարականի մասին: Պարոն Միրզոյանը մասնավորապես ասել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կոչված են ամփոփելու մայիս ամսին երկրում տեղի ունեցած ժողովրդավարական խաղաղ հեղափոխությունը, հաղթահարելու գոյություն ունեցող քաղաքական, ինստիտուցիոնալ և սահմանադրական ճգնաժամը՝ ձևավորելով իրապես ներկայացուցչական խորհրդարան, քանի որ գործող Ազգային ժողովը, որն ընտրվել է ընդամենը մեկ տարի առաջ, չի ներկայացնում հայ ժողովրդի քաղաքական կամքն ու նախընտրությունը։

Վենետիկի հանձնաժողովի՝ Հայաստանը ներկայացնող անդամ, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը հանձնաժողովին հիշեցրել է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված կայուն խորհրդարանական մեծամասնության ապահովման դրույթի կարևորությունը և շեշտել, որ այսօր այդ սկզբունքը Հայաստանում խախտված է: Այնուհետև պարոն Հարությունյանը նշել է, որ դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը երկրում ստեղծված ոչ միայն և ոչ այնքան քաղաքական, որքան իրավական-սահմանադրական ճգնաժամի հաղթահարման միակ ճանապարհն է: Անդրադառնալով փոփոխված օրենսգրքով արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցին՝ Գագիկ Հարությունյանը նշել է, որ գործող օրենսգրքով արտահերթ ընտրությունների անցկացումն իր մեջ առավել մեծ ռիսկ է կրում, քան առաջարկվող փոփոխություններով ընտրությունների կազմակերպումը:

Քննարկման արդյունքում Վենետիկի հանձնաժողովը, վերահաստատելով լավագույն պրակտիկայի իր ուղեցույցում ամրագրված ընտրական օրենսգրքի կայունության և ընտրություններից առնվազն մեկ տարի առաջ ընտրական օրենսգրքի փոփոխություններ անցկացնելու մասին ռեկոմենդացիաները, այդուհանդերձ արձանագրել է, որ Հայաստանում ստեղծվել է առանձնահատուկ իրավիճակ, և նման պայմաններում, եթե առկա է երկրի քաղաքական ուժերի համաձայնությունը Ընտրական օրենսգիրքը փոխելու վերաբերյալ, Վենետիկի հանձնաժողովը չի խոչընդոտելու երկրի կայուն զարգացման գործընթացին: