Մելքոնյանը ընդունել է Համաշխարհային բանկի և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 19, 24News

Thumbnail

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանը հոկտեմբերի 19-ին ընդունել է Համաշխարհային բանկի և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչներից կազմված պատվիրակությանը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի դատաիրավական համակարգի արդիականացմանն ուղղված բարեփոխումների շրջանակներում ՀՀ դատախազության հետ համագործակցության ընդլայնմանը, համատեղ ծրագրերի իրականացմանը: Մասնավորապես, քննարկվել է ՀԲ-ի աջակցությամբ Եվրոպական հանձնաժողովի կողմից նախաձեռնված ԵՄ Արևելյան գործընկերության մաս կազմող, ինչպես նաև բալկանյան 12 երկրների մասնակցությամբ տարածաշրջանային ընդգրկման նոր ծրագրում ՀՀ դատախազության մասնակցության հնարավորություններին վերաբերող հարցեր: Ծրագիրն ուղղված է մասնակից երկրներում դատաիրավական համակարգի բարեփոխումների ռազմավարության մշակմանը, արդարադատության մատչելիության, անկախության, արդյունավետության բարձրացմանը, համակարգում բարեվարքության նորմերի կիրառությանը, դրանց վերաբերյալ շահագրգիռ շրջանակների իրազեկվածության և մասնակցության ապահովմանը, դատաիրավական համակարգի վերաբերյալ հանրային կարծիքի ուսումնասիրությանը:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանը նման ծրագրի իրականացումը կարևորել է հատկապես արդարադատության ոլորտում և, մասնավորապես, դատախազական համակարգում առկա խնդիրների համակողմանի վերհանման և վերլուծության արդյունքում թիրախային լուծումներ գտնելու, ինչպես նաև քրեական դատավարության մասնակիցների մոտ դատախազական գործունեության վերաբերյալ անաչառ պատկերացումների ձևավորման տեսանկյունից:

Դավիթ Մելքոնյանը հյուրերին է փոխանցել այդ նախաձեռնությանը ՀՀ գլխավոր դատախազության մասնակցության և հնարավոր բոլոր միջոցներով աջակցելու պատրաստակամությունը՝ հիմնված ինչպես Եվրոպական կառույցների, այնպես էլ  ՀԲ-ի հետ տևական արդյունավետ համագործակցության ընթացքում ձեռք բերված փոխվստահության և փորձի վրա: