Աշոտյանը Գորգիսյանին հորդորում է իշխանությանը հաճոյանալու գեղարվեստական այլ լուծում գտնել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

Սուրեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյան ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով պատգամավոր Գևորգ Գորգիսյանի խորհրդարանական ելույթին, որի ժամանակ ԼՀԿ-ական պատգամավորը Աշոտյանին նմանեցրել էր իշխանական պատգամավոր Սուրեն Գրիգորյանի հետ:  

«ԼՀԿ խմբակցության ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանն այսօր իմքայլական պատգամավորներից մեկին համեմատել է ինձ հետ:

Հորդորում եմ պարոն Գորգիսյանին իշխանություններին հաճոյանալու համար հետայսու գտնել այլ գեղարվեստական լուծումներ և նրանցից ոչ մեկին այլևս ինձ հետ չհամեմատել: Ոչ վերից վար, ոչ էլ բոլորին՝ միասին վերցրած:

Իսկ եթե ինձ հիշելու պատճառն այլ է, օրինակ՝ նախկինում տարած հոգեբանական տրավմա, լատենտ համակրություն կամ ԱԺ դահլիճում շրջող Համլետի հոր ուրվականը, ապա նա պարզապես կարող է հավաքել իմ հեռախոսահամարը ՝ առանց փնտրելու իմ շողքն որոշ պատահական և անդեմ անցորդների մեջ»,-գրել է Արմեն Աշոտյանը:

Նշենք, որ ԱԺ-ում «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն ԱԺ-ում ասել էր, թե իմքայլական Սուրեն Գրիգորյանի ելույթներն իրեն հիշեցրել են Արմեն Աշոտյանին:

«Նախկին գումարման Ազգային ժողովում էլ ենք եղել ու, երբ, օրինակ, մեր գործընկեր Սուրեն Գրիգորյանն այստեղից խոսում էր, ուզում էի ասել՝ «պարո՛ն Աշոտյան, պարիկով եկե՞լ եք այստեղ», ոնց որ նույն ելույթները, բառացի նույն տոնայնությամբ, նույն ինքնասիրահարված մոտեցմամբ», - ասել էր Գորգիսյանը:

Ավելի վաղ ԱԺ-ում Բանկային գաղտնիքի մասին օրենքում լրացում կատարելու հարցի ժամանակ Սուրեն Գրիգորյանը հանդիմանել էր Մանե Թանդիլյանին օրենքներ չկարդալու համար: