ԵՄ-ն աջակցություն է հայտնել Հայաստանին արդարադատության ոլորտում բարեփոխումների համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

ԵՄ

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը, այլք:  Այս մասին տեղեկացնում է արդարադատության նախարարությունը:

Նախարարը եվրոպացի գործընկերներին շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար և, ներկայացնելով արդարադատության ոլորտի բարեփոխումների օրակարգը, տեղեկացրել է սահմանադրական բարեփոխումների գործընթացի մեկնարկի մասին: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև դատաիրավական և ոստիկանության ոլորտի բարեփոխումների զարգացումներին:

Վասիլիս Մարագոսը կարևորել է Կառավարության՝ հատկապես արդարադատության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու հանձնառությունը և Եվրոպական միության բազմակողմանի աջակցությունն է հայտնել այդ նախաձեռնությունների իրականացման հարցում: