Կեղծ տեղեկության համար հայտարարություն կանի՞․ Մարությանի խոսնակի հարցերը՝ Մարուքյանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News

1

Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել.

«Նախօրեին Ազգային Ժողովում քննարկման ժամանակ պատգամավոր Անի Սամսոնյանը, ի թիվս այլոց, անդրադարձավ նաև «Կամազների» փոխարեն քաղաքապետարանին փող տալու մասին կեղծ տեղեկատվությանը: Տիկին Սամսոնյանը այս կապակցությամբ նշեց, որ իրենք (ԼՀԿ ֆրակցիան) «դրա մասին տեղեկություններ ունեցել են, բայց այդ տեղեկությունների հիմքով ՊՆԴՈՒՄ ՉԵՆ ԱՐԵԼ» (մեծատառով ընդգծումներն իմն են):

Հիշեցնեմ, որ 2019-ի դեկտեմբերի 4-ին ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հրապարակավ հայտարարել է բառացիորեն հետևյալը.

«Մի բան էլ ես Ձեր եթերում բացահայտեմ, մինչև հիմա չի բացահայտվել. այդ ընկերությունները, որոնք գնել են Կամազները, իրա՛նք չեն գնել Կամազները, դուք գիտե՞ք: Փո՛ղն են տվել քաղաքապետարանին, քաղաքապետարա՛նն է գնել, փո՛ղ, փո՛ղ են տվել քաղաքապետարանին»: Իսկ դեկտեմբերի 23-ին Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության լիդեր, ԼՀԿ անդամ Դավիթ Խաժակյանը եթերում ասել է հետևյալը. «Փո՛ղ են մարդիկ փոխանցել, Կամազ չեն առել նվիրել ժողովուրդ ջան, փող են փոխանցել»: Խորագիտակ պատգամավոր Անի Սամսոնյանը, վստահաբար կարող է այս մեջբերումներից եզրակացնել, որ իր քաղաքական ղեկավար Էդմոն Մարուքյանը պնդում է արել, մինչդեռ ինքը՝ տիկին Սամսոնյանը, ինչպես նշեցի, հակառակի մասին էր խոսում նախօրեին:

Հիմա, մինչ հարգարժան գործընկերները իրենց մեջ կպարզեն այս հակասությունը, առաջարկում եմ ԱԺ պատգամավոր հարգարժան Էդմոն Մարուքյանին պատասխանել հետևյալ հարցերին.

1. Շարունակո՞ւմ է արդյոք նա պնդել, որ քաղաքապետարանը փող է նվեր ստացել, և ոչ թե Կամազներ,
ա/ Եթե այո, ապա արդյո՞ք չի պատրաստվում փաստեր ներկայացնել,
բ/ Եթե ոչ, ապա արդյո՞ք չի պարաստվում համապատասխան հայտարարությամբ հանդես գալու՝ հանրությանը կեղծ տեղեկատվությամբ մոլորեցնելու համար»: