Այդ մարդկանց շանտաժային բառապաշարն այլևս չի աշխատելու․ ԿԳՄՍ նախարարը՝ «Արմաթ»-ի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News

1

«Մենք պետք է տեսնենք հանրակրթական դպրոցներում «Արմաթ» լաբորատորիաների ներդրման արդյունքը, արդյունավետությունը և հետագա մեր քայլերի մասին որոշումներ կկայացնենք», - Կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով «Արմաթ» լաբորատորիաների տեղադրման վերաբերյալ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի հարցին:

«Իրենք ինչ քաղաքականություն և ռազմավարություն ունեն սրա հետ կապված, դա իրենց խնդիրն է: Բայց այդ մարդկանց շանտաժային բառապաշարն այլևս չի աշխատելու: Եթե նախորդ կառավարությունների դեպքում դա աշխատել է, հիմա չի աշխատելու»,- նկատեց նախարարը՝ հավելելով, որ հանրակրթական դպրոցներում տեխնոլոգիական լաբորատորիաներ տեղադրելու հարցում կառավարության քաղաքականությունը չի փոխվել.

«Շարունակման ձևի մասին է խոսքը, ոչ թե ծրագրի շարունակման: Այս դաշտում մրցակցային միջավայր ստեղծելու մասին խոսել ենք դեռ մարտ ամսին անցած տարվա: Մեկ անձից գնումները մրցակցային դաշտ չեն ստեղծում, մենք ուզում ենք մրցակցային դաշտ ստեղծել: Ի վերջո, այդ մրցակցության արդյունքում կարող է ֆիքսենք, որ «Արմաթը» լավագույն նախագիծն է, բայց դա պետք է լինի մրցակցության միջոցով»: